ԱԺ 4 խմբակցությունները կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին
ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին: Այս մասին տեղեկացնում է ilur.am-ը:
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին իր թիվ 1900 բանաձեւում ամրագրել է մարդուն քաղաքական բանտարկյալ համարելու չափորոշիչները: Բանաձեւի 5-րդ կետն ուղղված է ԵԽ անդամ պետություններին, ուր ասվում է. «Վեհաժողովը ԵԽ անդամ բոլոր պետությունների իրավասու իշխանություններին կոչ է անում վերոհիշյալ չափանիշներին համապատասխան վերագնահատել քաղաքական բանտարկյալ դիտվող անձանց գործերը եւ ազատել նման բանտարկյալներին, կամ` պատշաճորեն վերաքննել նրանց գործերը»:
Համաձայն Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների՝ Տիգրան Առաքելյանի գործը մի քանի չափորոշիչներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված սահմանմանը: Տիգրան Առաքելյանի խնդրին անդրադարձ է եղել թե՛ ԵԽ նախարարների կոմիտեի շրջանառվող, թե՛ ԱՄՆ պետքարտուղարության` Մարդու իրավունքների 2012 թվականի զեկույցում, ինչը վնասում է Հայաստանի միջազգայն հեղինակությանն ու ժողովրդավարական վարկին:
Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` վերոնշյալ բանաձեւի ոգուն եւ տառին համապատասխան քայլեր ձեռնարկել Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու համար, ինչպես նաեւ`վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյան
«Ժառանգություն» խմբակցությունից` Ռուբիկ Հակոբյան
«Հայ ազգային Կոնգրես» խմբակցությունից` Լեւոն Զուրաբյան
ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյան
09.09.2013