«Գրագետ» և «ազնիվ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Իրականացավ։ Վերջապես Հայատանում կգործի Արդարադատության ակադեմիան, որտեղ կկոփվեն մեր ապագա դատավորներն ու դատախազները։ Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է նորաստեղծ ակադեմիային շենք և գույք հատկացնելու մասին համապատասխան որոշման նախագիծը։ Շենքը գտնվում է Դավիթաշեն համայնքում և զբաղեցնում է մոտ քառորդ հեկտար տարածք։ Արդարադատության ակադեմիայի կոփած մեր ապագա դատավորներն ու դատախազները` անշուշտ լինելու են գրագետ և ազնիվ։ Գրագիտության երաշխիքը թերևս կառավարության նիստին ներկայացված գույքի այն ցանկն է, որը հատկացվելու է ակադեմիային։ Ինչպես երևում է ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացրած այս ցանկի 41-րդ տողից, մեր ապագա դատավորների ու դատախազների հանդերձարանների դռների վրա կախվելու է «կոԽպեկ»։ Իսկ 4-րդ տողում նշված է, որ նրանք քնելու են «մաԽճակալների» վրա։ Այդ նույն տողում կատարված գրառումից նաև պարզ է դառնում, որ նրանց պահարաններում լինելու է հատուկ տեղ «ճամՓրուկի» համար։ Ազնվության երաշխիքը ակադեմիային փոխանցվող գույքի արժեքն է։ Օրինակ, նախարարության ներկայացրած ցանկի համաձայն, էլեկտրական թեյնիկը արժե 500 դոլար, ննջարանի կահույքը 6 հազար դոլար, սալօջախը` 3 հազար դոլար, ճարպաջեռոցը` (ֆրիտյուրնիցան) էլի 3 հազար դոլար, էլեկտրական մսաղացը`1100 դոլար, «աղբի սեղանը»` 650 դոլար, սառը ուտեստների ցուցափեղկը` 5000 դոլար։ Բայց մի բանում կարելի է հանգիստ լինել։ Ակադեմիային փոխանցվող 7 տասնյակ անուն ապրանքներից մոտ 30-ը խոհանոցային տեխնիկա է և գույք։ Իսկ դա նշանակում է, որ մեր ապագա ազնիվ և գրագետ դատավորներն ու դատախազները, քոռանամ ես, սոված չեն մնա ուսումնառության ողջ ընթացքում։ 1100 դոլաանոց մսաղացը կարող է նրանց շուրջօրյա ապահովել քաբաբի լավ ֆարշով։ Ակադեմիայի ապագա ղեկավարների գրասենյակային գույքը երևի ոսկեջրած է։ Օրինակ երեք հատ կաշվեպատ աթոռներից յուրաքանչյուրի գինը նախարարության ներկայացրած ցանկի համաձայն, արժե 500 դոլար, իսկ ղեկավարների համար նախատեսված երկու գրասեղաններից յուրաքանչյուրը արժե մոտ 1200 դոլար։ Գործնական պարապմունքների համար կահավորված դահլիճում վկայի ամբիոնի գինը 620 դոլար է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ ՀԺ-ի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս