Որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով» կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել». Լեւոն Տեր-Պետրոսյան
iLur-ի ընթերցողներից Արմեն Ավետիսյանը կայքի միջոցով Լևոն Տեր-Պետրոսյանին է ուղղել հետևյալ հարցը. «Պարոն Նախագահ, Կոնգրեսի վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստի Ձեր ելույթում Դուք հրաշալի և մատչելիորեն բացատրեցիք, թե Ռուսաստանի և Եվրոմիության միջև ընտրություն կատարելու գործընթացում ինչ պիտի աներ Սերժ Սարգսյանը: Այժմ ինձ հետաքրքրում է մի այլ՝ նույնքան կարևոր հարց. իսկ ի՞նչ պիտի չաներ նա»: Կոնգրեսի լրատվական ծառայության միջոցով iLur-ն ստացել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետևյալ պատասխանը.
«Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության: Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները: Բոլոր գերտերություններն էլ տիրապետում են հետախուզական այնպիսի հզոր հնարավորությունների, որ փոքր երկրները հազիվ թե կարողանան նրանցից որևէ գաղտնիք թաքցնել: Հետևաբար, փոքր պետությունների ղեկավարները գերտերությունների հանդեպ պետք է առավելագույնս անկեղծ լինեն: Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ որևէ բան չշահես, ապա հաստատապես ոչինչ չես կորցնի: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած՝ որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»: Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին»: