Դեպի ապահով էքսկլավ
Մինչ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն իրենց չխնայելով փորձում են համոզել, որ Մաքսային միությանն անդամակցությունը չի սպառնում Հայաստանի ինքիշխանությանը, երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Հայաստանը համեմատել է Կալինինգրադի հետ` ուղղակիորեն հայտարարելով, որ Ռուսաստանի համար ինքնիշխան պետությունը և սեփական մարզը նույն նշանակությունն ունեն: «Մենք ունենք ոչ մեծ Բելառուս, հսկա Ռուսաստան և անգամ փոքր Հայաստան, որն այժմ միանում է մեզ: Նրանք ունեն միանման իրավունքներ, ձայների միանման քանակ: Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը սահման չունի Մաքսային միության հետ, բայց չէ՞ որ մենք ունենք Կալինինգրադի մարզ, որի հետ նույնպես սահման չունենք: Մեզ համար տարբերություն չկա` դա պետությո՞ւն է կամ մարզ: Գլխավորը միասնական մաքսային տարածքն է»,- ասել է Կրեմլի պաշտոնյան: Ընդ որում, մեզ համար տարբերություն չկա` նրա ազգանունը Գլազև է, թե Ուխով. գլխավորն այն է, որ նա ներկայացրել է Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Այսինքն` Ռուսաստանի համար Հայաստանն այլևս սեփական գուբերնիաներից մեկի կարգավիճակն ունի, և ռուս պաշտոնյաներն ընդամենը չեն թաքցնում դա: Ամենազավեշտալին այն է, որ այսքանից հետո Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, թե Մաքսային միությանն անդամակցության հարցում որևէ ճնշում չի գործադրվել, և դա Հայաստանի սուվերեն որոշումն է: Այսինքն` Հայաստանի իշխանությունը սուվերեն որոշում է կայացրել սուվերենությունից զրկվելու մասին: Բայց այս որոշումը, ինչպես կրկին փորձում են համոզել իշխանության ներկայացուցիչները, մի ժամում, նույնիսկ մեկ օրում չի կայացվել և «հետևողական քաղաքականության արդյունք է»:
Ու արդեն տեղի ունեցածը ռուսական կողմից հնչած և հնչող հայտարարությունների համատեքստում դիտարկելովգ ստացվում է, որ իշխանության հետևողական քաղաքականության արդյունքում Հայաստանը վերածվում է… Կալինինգրադի: Բանն այն է, որ ռուսները գոնե այս հարցում ազնիվ են գտնվել ու դեռևս նախորդ տարի ուղիղ տեքստով տեղեկացրել են այդ հեռանկարի մասին: Մասնավորապես` անցած տարվա դեկտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել էր. «Շատերին դա (Մաքսային միության հետ Հայաստանի` ընդհանուր սահման չունենալու հանգամանքը.- խմբ.) անհաղթահարելի խոչընդոտ էր թվում։ Սակայն իմ կարծիքով` այդպես չէ։ Չէ՞ որ ՌԴ կազմում գոյություն ունի էքսկլավ` Կալինինգրադը։ Հաղորդակցության միջոցների ներկայիս զարգացած մակարդակի պայմաններում նաև Մաքսային միությունը կարող է էքսկլավ ունենալ»,- ասել էր Վ. Խրիստենկոն։ Այն ժամանակ, ի դեպ, Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ սույն ռուս պաշտոնյային չպատասխանեց և ՀՀ ինքնիշխանությունը ոտնահարելու համար պատասխան չպահանջեց: Հիմա արդեն պարզ է, թե ինչո՞ւ. Հայաստանը հետևողականորեն գնում էր Ռուսաստանի էքսկլավ դառնալու ճանապարհով: