Ներկրվող մեքենաների մաքսատուրքերը կաճեն 4-5 անգամ, եթե Հայաստանը անդամակցի ՄՄ-ին
Մինչ Հայաստանի ղեկավարները որոշում են կայացնում անդամակցել Մաքսային միությանը, դրա հիմնական անդամներից մեկը՝ Ղազախստանը, իր դժգոհությունն է հայտնում Ռուսաստանից ու հետզհետե հարց բարձրացնում միությունից դուրս գալու մասին:
Տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը էներգակիրների հետ կապված Ռուսաստանի քաղաքականությունն է. «ՌԴ-ն ներքին և արտաքին գներ հասկացողությունն ունի, իսկ Ղազախստանն արդարացիորեն պնդում է, որ միասնական պետք է լինի, հակառակ դեպքում Ռուսաստանն իր արտադրողներին լրացուցիչ արտոնություն և մրցակցային առավելություն է տալիս»:
Հարցին՝ հնարավո՞ր է Մաքսային միությունն ի վերջո չկայանա և այս «շիլաշփոթի» արդյունքում Հայաստանը փչացնի հարաբերությունները Եվրամիության հետ, Բ.Ասատրյանը պատասխանեց, որ այս պահին Մաքսային միությունը կա, բայց այնտեղ շատ խնդիրներ և հակասություններ կան. «Զարգացման տեսանկյունից հեռանկարները մշուշոտ են և, եթե քաղաքական խնդիրները մի կողմ դնենք, ապա զուտ տնտեսական տեսանկյունից ավելի հավանական է, որ չկայանա: Բայց խոսքը 1 տարվա մասին չէ, այլ առնվազն 5 տարվա, դա երկար գործընթաց կլինի, որը պայմանավորված է շատ հանգամանքներով: Մի բան հստակ է՝ եթե նաթվի գինը հասնի 1 բարելի դիմաց 50-60 դոլարի, ապա կքանդվեն միանգամից Մաքսային և նմանատիպ բոլոր միությունները, որոնք ավելի շատ քաղաքական նախաձեռնություն են, տնտեսական բովանդակությունը մինչև վերջ բացահայտված չի»:
Բ.Ասատրյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի և ՄՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները համատեղելի չեն, քանի որ դրանք առևտրային և մաքսային տարբեր համակարգեր են:
Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանը և ՄՄ անդամները պաշտպանողական քայլեր են անում, իրենց շուկան պաշտպանում են, այդ թվում՝ եվրոպացիներից: Եվ եթե Հայաստանը դառնա ՄՄ անդամ, ապա դրանից հետո ներկրվող մեքենաների մաքսատուրքերը կտրուկ կբարձրանան, օրինակ՝ 10 տարեկան «Մերսեդես» բերելու համար մաքսատուրքերը կաճեն 4-5 անգամ, այսինքն՝ եթե այսօր նման մեքենայի մաքսազերծումը 5000 դոլար արժի, ապա ՄՄ անդամությունից հետո կարժենա 20-25 հազար դոլար, և այդպես շատ այլ օրինակներ կան: