Անջելինա Ջոլիին պատվավոր Օսկար կշնորհեն մարդասիրական գործունեության համար
Ամերիկյան կինոակադեմիան որոշել է տարեսկզբին Ջին Հերշոլտի անվան պատվավոր Օսկար շնորհել դերասանուհի Անջելինա Ջոլիին: Մրցանակը դերասանուհուն կշնորհվի ոչ թե նրա դերերի, այլ՝ կամավոր մարդասիրական գործունեության համար:
Հերշոլտի մրցանակը Ջոլիի համար կլինի երկրորդ Օսկարը. առաջինը նա ստացել է 2000թ.՝ «Ընդհատված կյանք» ժապավենում երկրորդ պլանի լավագույն դերի համար:
2001 թվականից Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է: Նա հումանիտար առաքելությամբ այցելել է Քենիա, Էկվադոր, Թաիլանդ, Սուդան, Կոսովո, Անգոլա, Շրի-Լանկա, Հորդանան և այլ երկրներ: 2005թ. դերասանուհին արժանացել է ՄԱԿ-ի Հումանիտար մրցանակին: Ի դեպ, վերջերս, 168.am-ի հետ զրույցում հումանիտար առաքելությամբ աշխարհի տարբեր երկրներ այցելող հայազգի ներկայացուցիչներից մեկը պատմեց, որ այդ ոլորտում համաշխարհային աստղերից միայն Ջոլիին են անվերապահորեն հարգում և սիրում: «Միայն Անջելինան է, որ իր մարդասիրական գործունեությունն ամենայն անկեղծությամբ է իրականացնում»,-ասաց նա:
Ջին Հերշոլտի անվան մրցանակը ստեղծվել է ի պատիվ 1956թ. մահացած դերասանի, ով ղեկավարել է « Motion Picture and Television Fund» բարեգործական կազմակերպությունը: Առաջին անգամ մրցանակը ստացել է 1957թ., այնուհետև այն հանձնվել է ոչ պարբերաբար: Անջելինա Ջոլին կլինի այդ պատվավոր Օսկարի 36-րդ մրցանակակիրը: