Ինչո՞ւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադարձավ Ռուսաստանի հետ նոր մաքսային համաձայնագրով
Ուշագրավ մի դիպված` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կնքված մաքսային համաձայնագրի վերաբերյալ: Արտասահմանյան իմ բոլոր գործընկերները, շեշտում եմ՝ այն գործընկերները, որոնք այս կամ այն կազմակերպության կամ օտարներին «սրբացնող» հայ անհատների կողմից չեն արժանացել «հայոց բարեկամ» տիտղոսին, միահամուռ ինձ հայտնեցին կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետը, որը մասամբ համընկնում է իմ անձնական կարծիքին:
Տարածաշրջանի հիմնահարցերով զբաղվող այդ փորձագետները միահամուռ են այն եզրահանգման մեջ, որ Հայաստանը, ստորագրելով համաձայնագիրը, մեկուսացրեց հնարավոր ռազմական ագրեսիան, որի դեմ, ցավոք, Հայաստանը միայնակ անկարող է դիմակայել: Անտարակույս, զոհասեղանին էր դրված Ղարաբաղի հարցը: Սերժ Սարգսյանը այն չէր կարող զոհել: Անվիճելի է նաև այն, որ եվրոպական ոչ մի տերություն, այդ թվում, այդ տերությունների անունից հավաքական հանդես եկող ԵՄ-ն, անկարող է պաշտպանել Հայաստանն ու Ղարաբաղը, այն պարզ պատճառով, որովհետև չունի ոչ տնտեսական և ոչ էլ քաղաքական շահ: Պատմությունը մի շարք անգամներ հաստատել է այն պարզ ճշմարտությունը, որ անգլիական նավերը անկարող են բարձրանալ հայկական լեռները, իսկ՝ եվրոպական տեխնո -իմպերալիզմը Կովկասը և Փոքր Ասիան դիտում է որպես իր արտադրանքի իրացման շուկա, նաև՝ աշխարհաքաղաքական մի տարածք, որով կամրջում է իր սեփական շահը հսկա Արևելքի հետ:
Մեր բնակչության կյանքը՝ Ռուսաստանի հետ մաքսային միություն կազմելուց հետո կծանրանա՝ սպասվող լայնամասշտաբ թանկացումների արդյունքում: Բայց գոնե այդ բնակչությունը կարող է անհոգ, առանց պատերազմի մի նոր սպառնալիքի քնել: Այս հարցում Սերժ Սարգսյանի որոշումը այլընտրանք չուներ: Իսկ եվրոպական դիվանագետներին մնում է կռահել, թե ինչո՞ւ երկու տասնամյակից ավելի Ղարաբաղի հարցը չարչրկելուց և Հայոց ցեղասպանությունը շարունակաբար ժխտելուց հետո Սերժ Սարգսյանը գերադասեց շախմատային պարզ ու հասարակ որոշումը՝ զիջել նավակները:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու