«Եվրոպական Ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության հայտարարությունը
«Եվրոպական Ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչության Մոսկվայում Մաքսային Միությանը միանալու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրած հայտարարության և դրան հաջորդող զարգացումների վերաբերյալ.
«Եվրոպական Ինտեգրացիա» Հասարակական կազմակերպությունը ՀՀ եվրաինտեգրման և ԱՊՀ տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների առումով`
- համոզմունք է հայտնում, որ եվրաինտեգրումը որևէ կերպ չի կարող ստորադասվել ՀՀ այլ ինտեգրացիոն գործընթացներին,
- ընկալելի եւ ընդունելի է համարում ՀՀ-ի կողմից վերջին շրջանում հռչակված և կիրառված «և-և» տարբերակը, ինչպես նաև տնտեսական ինտեգրման հարթությունում «արդյունավետության» թեզի կիրառումը`հաշվի առնելով, որ ՀՀ եվրաինտեգրման գործընթացի ներքո հանրության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվող և ակնկալվող լայնածավալ բարեփոխումները, երկրի ապագայի տեսլականը միարժեքորեն պետք է համադրվեն ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների, ՀԱՊԿ միասնական անվտանգության համակարգի ներքո երկկողմ և բազմակողմ խորը կապերի և զարգացող հարաբերությունների հետ,
- կարեւորում է, որպեսզի ՀՀ գործընկերները` ինչպես Մաքսային Միությունը (այսուհետ` ՄՄ), այնպես էլ ԵՄ-ն եւ նրա անդամ-երկրներն ընկալեն ՀՀ առանձնահատուկ վիճակը` «և-և» բանաձեւի մաքսիմալ կիրառմամբ` երբեւէ հարցականի տակ չդնելով դրա իրագործման հնարավորությունը,
- ընկալում է ՀՀ եւ ՌԴ նախագահների համատեղ հայտարարությունը (Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ)` որպես «և-և» բանաձեւի ներքո իրականացված քայլ` ակնկալելով, որ տնտեսական ինտեգրման գործընթացները կզարգանան երկու ուղղությունների համադրման ճանապարհով եւ ընդունելի կլինեն ՀՀ-ի թե’ ԵՄ, թե’ ՄՄ գործընկերների կողմից,
- ողջունում է Եվրոպական հանձնաժողովի` «Հայաստան. վերջին զարգացումների շուրջ ԵՄ դիրքորոշումը» հուշագիրը /Armenia: EU position on the latest developments”, European Commission – MEMO/13/766 04/09/2013 / (Բրյուսել, 4 սեպտեմբերի, 2013), որտեղ մասնավորապես նշվում է. «Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ԱԱ/ԽՀԱԱՀ–ն բոլորի համար շահեկան բարեփոխումների նախագիծ է և ոչ թե զրոյական ելքով խաղ և կարող է համատեղվել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ», ինչպես նաև ԵՄ գործընկերների` փաստաթղթի տրամաբանությունից բխող հայտարարությունները,
- հույս է հայտնում, որ ԵՄ հանձնաժողովի այս դիրքորոշումը կմնա անփոփոխ` ԵՄ եւ ԱլԳ գործընկերների` Վիլնյուսում նախանշված գագաթաժողովում հասնելով իր տրամաբանական հանգրվանին. այն է` ՀՀ եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի (այսուհետ` ԽՀԱԱՀ) կամ նրա նորացված տարբերակի նախաստորագրմանը,
- անընդունելի է համարում ՀՀ տարբեր պաշտոնյաների կողմից տարբեր մակարդակներով հնչեցրած այն հայտարարությունները, որոնք հակասում են ՀՀ տնտեսական ինտեգրման գործընթացների համադրման «և-և» սկզբունքին, դրա տրամաբանությանը եւ հոգեբանությանը` մասնավորապես.
- «Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որըչիհակասի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը»:
- «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (ԽՀԱԱՀ) անհամատեղելիէ Մաքսային Միության անդամակցությանը» եւ այլ:
- ամրագրում է, որ տնտեսական ինտեգրման ուղղություններից մեկի ստորադասումը մյուսին անհեռատես, անհիմն քայլ է` լի բազում մարտահրավերներով:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ն կոչ է անում
ՀՀ իշխանություններին.
- ամենաբարձր մակարդակով հանդես գալ միանշանակ հայտարարությամբ, որտեղ հստակորեն կշեշտադրվի ԵՄ գործընկերների հետ առկա պայմանավորվածություններին հավատարիմ մնալու եւ Վիլնյուսում ՀՀ-ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագիրը ու ԽՀԱԱՀ (կամ նրա նորացված տարբերակը) նախաստորագրելու պատրաստակամությունը` առանց նշված փաստաթղթերի անհարկի եւ միակողմանի կրճատումների,
- հնարավորինս բարձր մակարդակով դիմել ԵՄ եւ ՄՄ գործընկերներին` առաջարկելով ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի ՄՄ-ին և ԵՄ ԽՀԱԱԳ-ին միաժամանակյա միանալու դեպքում երկու գործընթացների հնարավոր անհամատեղելիությունը` առաջարկներ ներկայացնելով դրանց հաղթահարման ուղղությամբ: Այդ առաջարկները կապահովեն ԵՄ ԽՀԱԱՀ-ի (կամ նրա նորացված տարբերակի) նախապատրաստումից ստորագրում անցումը, ինչպես նաև ՄՄ անդամակցման ընթացակարգը (նշված մեխանիզմը կարող է կիրառելի լինել նաև այլ գործընկերների համար):
ՀՀ գործընկերներից (ԵՄ, ՄՄ անդամներ) որեւէ մեկի անհամաձայնությունը նման առաջարկին կնշանակի ՀՀ նկատմամբ հարկադրանքի եւ շանտաժի քաղաքականության կիրառում,
- ներդնել ջանքեր` ուղղված հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության բոլոր փուլերում ՀՀ քաղաքական բոլոր ուժերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների կառուցողական ներգրավմանը` հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով,
- պետության և հանրության շահերին անմիջականորեն առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացը դարձնել առավել մասնակցային, կանխատեսելի, ընկալելի եւ թափանցիկ,
- հանրությանը ներկայացնել տնտեսական ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից բխող (ՀՀ ապաշրջափակում, աբխազական երկաթուղու բացում, հայ-իրանական երկաթուղու կառուցում և գործարկում) քայլերի շրջանակում գործընկերներից (ԵՄ, ՄՄ) ստացված երաշխիքները:
ԵՄ ղեկավարությանը եւ անդամ երկրների կառավարություններին.
- սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ եռակողմ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունը եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
- ջանքեր ներդնել ՀՀ – ԵՄ ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման նպատակով հայ-թուրքական սահմանի բացման, ՀՀ-ի ապաշրջափակման ուղղությամբ:
ՄՄ գործընկերներին.
- սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ եռակողմ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունը եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
- ջանքեր ներդնել ՀՀ-ՄՄ գործակցության արդյունավետությունը ապահովելու նպատակով աբխազական երկաթուղու բացման, հայ-իրանական երկաթգծի կառուցման և գործարկման, ՀՀ ապաշրջափակմանն ուղղությամբ:
ՀՀ եւ ԵՄ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին
- սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ հանձնաժողովի ձեւավորմանը եւ արդյունավետ գործունեությանը:
Երևան, 6 սեպտեմբերի, 2013թ.