Դեղձենի. Հազարամյա բույսի զարմանալի հատկությունները
Հավանաբար դեղձենու հայրենիքը հյուսիսային Չինաստանն է, որտեղ հանդիպում են բնության մեջ աճող բոլոր տեսակները։ Ըստ ավանդազրույցի` դեղձենին աճել է դրախտային այգիներում և պտղաբերել է երեք հազար տարին մեկ անգամ։ Պտուղները նախատեսված են եղել միայն անմահ աստվածների համար։ Մի այլ ավանդազրույցից տեղեկանում ենք, որ Երկնքի աստված Էնլիլը բերել է դեղձենին ոսկյա նավով և նվիրել իմաստնութան քաղաքի բնակիչներին։
Ըստ բուսահնէաբանների` դեղձենին մշակվել է Չինաստանում ավելի քան 3000 տարի առաջ։ Այդ երկրում դեղձը համարվում է առողջության և երկարակեցության խորհրդանիշ, թեև դեղձենու կյանքը շատ կարճ է` ընդամենը 10-15 տարի։
Դեղձենին, ծիրանենին և նշենին պատկանում են վարդազգիների ընտանիքի սալորայինների ենթաընտանիքին։
Նշենին և դեղձենին շատ ընդհանուր հատկանիշներ ունեն. կան գիտնականներ, որոնք համարում են, որ դրանք գենետիկորեն նման բույսեր են։ Կարծում ենք, որ վերջնական պատասխանը սարերի ետևում չէ, քանի որ ԱՄՆ-ի գիտնականները 2010 թվականին արդեն իսկ վերծանել են դեղձենու գենոմը։
Հայաստանում հնագույն ժամանակներից նշենին օգտագործվում է որպես պատվաստակալ դեղձի և ծիրանի համար։ Մեր երկրում հանդիպում են նշենու տեսակներ, որոնք աճում են միայն հայրենիքի բնական պայմաններում. դրանք երկուսն են` նշենի նաիրյանը և նշենի ֆենցլիի։
Դեղձենին հայտնի է դարձել Հռոմում Ք.ա. 1-ին հարյուրամյակում, բերվել է Պարսկաստանից և անվանվել է պարսկական սալոր (Prunys persika)։
Դեղձենու առանձնահատկությունները
Դեղձենու առաջին առանձնահատկությունը կապված է ծաղիկների կառուցվածքի և, համապատասխանորեն, փոշոտման եղանակի հետ։
Ծաղիկները միայնակ են, հազվադեպ՝ զույգերով, նստադիր կամ կոթունով, բացից մուգ վարդագույն (շատ նման են նշենի նաիրյանին, նշենի ֆենցլիի ծաղիկները աճում են նաև խմբերով 1-5)։
Դեղձենու ծաղիկները լինում են երկու տեսակի` զանգականման և վարդանման։ Զանգակատիպ ծաղիկների թերթիկները մանր են, նեղ օվալաձև, մուգ վարդագույն։ Այս տեսակի ծաղիկների առէջները և վարսանդը դուրս են գալիս դեռ չբացված ծաղկի կոկոնից և տեղի է ունենում ինքնափոշոտում։
Վարդանման ծաղիկն ունի կլորավուն կամ լայն օվալաձև, խոշոր, բաց վարդագույն թերթիկներ։
Այս տեսակի փոշոտումը տեղի է ունենում ծաղկի բացվելուց հետո, առէջները և վարսանդը նույնպես լավ են հարմարված ինքնափոշոտման համար։
Դեղձենու երկրորդ և երրորդ առանձնահատկությունները կապված են պտղի հետ։
Պտուղները լինում են չորս հիմնական տեսակների.
- թավշապատ, հեշտությամբ ձեռքով կիսվող,
- թավշապատ, չբաժանվող,
- ոչ թավշապատ կիսվող,
- ոչ թավշապատ, չբաժանվող։
Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Ամենաօգտակարը այն տեսակն է, որի կորիզը հեշտությամբ է անջատվում պտղամսից։ Ավելի օգտակար է դեղձի չիրը: Այն ուտելուց առաջ հարկավոր է թրջել, բայց 10 հատից ավել չի կարելի ուտել։ Դրա վնասակար ազդեցությունը չեզոքացնում է վարդի մուրաբան։ Իսկ փոխարինել կարող է ծիրանը»։
Նեկտարին
Կա թյուր կարծիք, որ նեկտարինը ստացվել է դեղձի և սալորենու խաչաձևման եղանակով։ Նեկտարինը դեղձի տեսակ է: Այն առաջանում է բույսի ինքնափոշոտման ընթացքում. նույն ծառի վրա միաժամանակ կարող են աճել թավշապատ և հարթ մակերես ունեցող ու ձեռքով հեշտությամբ բաժանվող պտուղները։ Կա կարծիք, որ բույսի անվանումը կապված է հունարեն «նեկտար» բառի հետ` անմահական ըմպելիք։
Նեկտարինի մասին առաջին հիշատակումն արվել է 1616թ. Անգլիայում։ 20-րդ դարի վերջում բուծվել են նեկտարինի տեսակներ, որոնց գեղեցիկ, տոնական տեսք ունեցող պտուղների քաշը հասնում է 200 գրամի։
Նեկտարինների մեջ հաճախ են հանդիպում քաղցր սերմ ունեցող պտուղներ, որոնք կենսաքիմիական բաղադրությամբ նման են քաղցր նշին։ Դառը սերմերը մեծ կիրառում ունեն դեղագործության բնագավառում։
Այսօր հայտնի է նեկտարինենու մոտ 6 տեսակ, որոնք ավելի կայուն են հիվանդությունների և վնասատուների հանդեպ, քան դեղձենին։
Կատարվում են աշխատանքներ բույսի ցրտադիմացկունությունը բարձրացնելու ուղղությամբ։ Նեկտարին արտահանող երկրներն են հարավսլավոնական պետությունները, Իտալիան, Հունաստանը, Թունիսը և այլն։
Ոչ խիստ մոտեցման դեպքում նեկտարին են կոչվում նաև հարթ մակերեսով և ձեռքով չբաժանվող պտուղները։ Որպես կանոն, նեկտարինը պարունակում է ավելի քիչ շաքարներ, քան դեղձը, և ավելի հյութալի է։
Նեկտարինը գոյացել է դեղձի բողբոջի բնական գենետիկ փոփոխության կամ այլ կերպ` մուտացիայի հետևանքով։ Էներգետիկ արժեքը մոտ 50 կկալ է, այն աչքի է ընկնում օգտակար նյութերի բազազանությամբ։
Դեղձի օգտակար հատկությունները
Դեղձենու հայկական տեսակներն աչքի են ընկնում բարձր համային որակներով, խոշոր չափերով, օգտակար նյութերի բազմազանությամբ։
Մեր հարենիքում աճող տեսակներն ունեն որոշակի առանձնահատկություններ.
- շաքարների պարունակությունը տատանվում է 10-11 տոկոսի սահմաններում,
- պարունակում են 30-40 մգ (100 գ հումքի մեջ) P-ակտիվություն ունեցող պոլիֆենոլներ։
Այս երկու հայտանիշներով «նարնջենի» և «զաֆրանի» տեսակների պտուղները մոտ են նեկտարինին։
Ըստ 1960թ. լույս տեսած «Армянская кулинария» գրքի` դեղձի հայկական տեսակները պարունակում են 0,35-0,54 տոկոս օրգանական թթուներ։ Ջ. Հովհաննիսյանը (Կանաչ դեղատուփ, 2005թ.) ներկայացնում է այլ թվեր՝ մինչև 0,8-1 տոկոս (հատկապես խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու)։
Դեղձի պտղամսում պարունակվող օգտակար նյութերի քանակային չափերը կախված են բնակլիմայական պայմաններից։ Հայաստանյան տեսակներում համեմատաբար ավելի շատ են` C (9,4-20 մգ) և E (0,75-1,5 մգ) վիտամինները և բետտա կարոտինը (Հովհաննիսյանը նշում է մինչև 6 մգ)։
Դեղձի պտղամիսը պարունակում է 0,9 տոկոս սպիտակուցներ, 0,3 տոկոս ճարպային թթուներ, 6-14 տոկոս շաքարներ, 0,6-1,3 տոկոս պեկտինային միացություններ, B1, B2 (մինչև 0,2 մգ), B5, B6, նիացին վիտամիններ, ֆոլիաթթու (B9 մինչև 10 մկգ), եթերային յուղեր, խինինի և քլորագենի թթուներ, ներկող և բուրավետ նյութեր։
Դեղձը հարուստ է կալիումով (մինչև 200 մգ 100 գ հումքի մեջ), երկաթով (որոշ տեսակներում՝ 3-4 մգ), պարունակում է նաև կալցիում, մագնիում, ֆոսֆոր, մարգանեց, պղինձ, ցինկ, ֆտոր, սելեն։
Բարձր սննդային արժեքի շնորհիվ խորհուրդ է տրվում դեղձը ընդգրկել սննդակարգում բազմաթիվ հիվանդությունների դեպքում։
Հակացուցված է միայն շաքարային դիաբետով հիվանդներին, գիրության դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։
Դեղձն ունի միզամուղ, լեղամուղ, ստամոքսահյութի արտազատումը խթանող, մարսողությունը լավացնող, արյունաստեղծ, սրտի ռիթմերը կարգավորող, հիպոտենզիվ հատկություններ։ Դեղձի պտղամիսը հրաշալի ադապտոգեն է. օգնում է օրգանիզմին հարմարվել ոչ բարենպաստ արտաքին ազդեցություններին։ Այս հրաշալի պտուղը օգտակար է կանանց դաշտանադադարի ընթացքում, պտղամսով դիմակները պահպանում են մաշկի թարմությունը, առաձգականությունը։
Օգտակար խորհուրդներ, դեղատոմսեր, գեղարարություն
Դեղձի հյութը պահպանում է պտղամսի օգտակար հատկությունները, պետք է խմել թարմ վիճակում, քամելուց հետո` 5-10 րոպեի ընթացքում։
Համարվում է, որ հյութը կանխարգելում է ծերացումը։
Սրտի ռիթմերի խանգարում, աթերոսկլերոզ, խոլեցիստիտ. Խմեք 50-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Հիպերտոնիա. Խառնեք 35 մլ դեղձի, 25-ական մլ սոխի (սոխուկը) և արոսենի (սևի) հյութեր, կես թ/գ մեղր։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ։ Պահեք սառնարանում։
Փորկապություն. Խմեք 50-ական մլ դեղձի հյութ` ուտելուց առաջ։
Լյարդի, երիկամների, սրտի հիվանդություններ. Հեռացրեք պտղակեղևը, տրորեք պտղամիսը։ Կերեք 100-ական գրամ` օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։
- Դեղձի չիրը 15 րոպե թրմեք գոլ ջրում։ Կերեք 50-ական գրամ` օրը 2 անգամ, ուտելուց առաջ։
Ստամոքսաբորբ, էնտերոկոլիտ. 200 գ պտղամիսը (առանց կեղևի) 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, տրորեք քամիչով։ Կերեք 50-ական գրամ՝ ուտելու ընթացքում։
Ճարպոտ մաշկ. Տրորեք պտղամիսը, 2 թ/գ հարեք 1 ձվի սպիտակուցի հետ։ Քսեք մաշկին, 15 րոպե հետո լվացեք ծորակի ջրով։
Զգայուն մաշկ. Տրորեք պտղամիսը, 100 գ հումքը խառնեք 1-ական ճ/գ թթվասերի և ձիթապտղի յուղի հետ։ Քսեք մաշկին, 10 րոպե հետո մաքրեք։
Խոնավացնող դիմակ. Խառնեք 50-ական մլ թարմ հյութ և կաթ, թրջոց դրեք դեմքին, պարբերաբար թարմացրեք։ Գործողության տևողությունը 20 րոպե է։
Մանր կնճիռներ. Տրորեք պտղամիսը, 1 ճ/գ խառնեք 1 թ/գ գոլ մեղրի հետ (ոչ բարձր 40 աստիճան C-ից)։ Քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք սենյակի ջերմաստիճանի ջրով։
Ժողովրդական դեղատոմսեր դեղձի տերևով
Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Դեղձի ծառի տերևների հյութն օժտված է ճիճվասպան հատկությամբ, սպանում է նաև ականջի որդերին։ իջեցնում է ջերմությունը, հագեցնում է ծարավը։ Դրա հյութը օգնում է այրող դողէրոցքի դեպքում»։
Էկզեմա, նեյրոդերմիտ. Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ դեղձի չորացրած ծաղիկ և տերև, 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Օրը 3 անգամ մշակեք մաշկի հիվանդ մասերը։
Ռևմատիզմ, դժվար միզարձակություն. Խմեք 1 թ/գ դեղձի մատղաշ տերևի հյութ` օրը 1 անգամ։ Օգտակար է նաև փորկապության և գազերի կուտակման դեպքում։
Ճիճվաթափ. 30 գ դեղձի թարմ տերևը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 5 մլ սխտորի հյութ։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 5 օր։
Միզապարկի, շագանակագեղձի բորբոքում. 2 թ/գ դեղձի չոր տերևը 1 ժամ թրմեք 400 մլ տաք ջրում (60-70 աստիճան C), քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Թուրմն ունի նաև լուծողական, ցավազրկող հատկություն։
Ինչպես չորացնել և պահպանել դեղձենու տերևները
Հավաքեք տերևները բույսի ծաղկման շրջանում։ Կաթսայի մեջ լցրեք սառույց և դրեք մի կողմ։ Հումքը տեղավորեք թանզիֆե պարկի մեջ և 10 րոպե պահեք գոլորոշու վրա (կախեք եռացող ջրից վեր)։ Պարկիկը դրեք հերմետիկ փակվող տարայի մեջ և ընկղմեք սառցաջրում 10-15 րոպե։ Հովացրած տերևները փռեք թղթի վրա և ծածկեք անձեռոցիկով, տեղավորեք հերմետիկ փակվող տարայի մեջ, պահեք սառնարանում։
Դեղձի սերմի բուժիչ հատկությունները
Դեղձի և ծիրանի սերմերից ստացվող ճարպային յուղերը հաճախ միավորվում են նույն անվանման տակ (Oleum Persicorum)։ Դրանք բաղադրությամբ, գրեթե բոլոր հայտանիշներով մոտ են նշի յուղին, սակայն ունեն որոշ տարբերություններ։ Դեղձի սերմը պարունակում է մինչև 55 տոկոս ճարպաթթուներ, ամիգդալին, B15 և B17 վիտամիններ (տե՛ս «168 Ժամ», 19.07.2013)։
Դեղձի յուղը օգտագործվում է մազարմատների առողջացման, հոնքերի, թարթիչների, եղունգների և մաշկի խնամքի համար։
Դեղձի յուղը հազվադեպ է առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, խորհուրդ է տրվում ռինիտի, հայմորիտի դեպքում, հետվիրահատական շրջանում։ Յուղը կանխարգելում է ինֆեկցիայի տարածումը դեպի թոքերը, բրոնխները. կաթեցրեք 10-15 կաթիլ յուրաքանչյուր քթանցքին։
Տոնզիլիտի դեպքում կատարում են ողողումներ յուղով։
Դեղձի յուղը օգտագործվում է մանկաբուժության մեջ, քիթ-կոկորդի հիվանդությունների, մաշկային ցանի դեպքում. խորհրդակցեք մանկաբույժի հետ։
Աթերոսկլերոզ. Փայտե հավանգով տրորեք դեղձի կորիզի 20 սերմ, խառնեք 500-ական գրամ մեղրի և կիտրոնի քերուկի հետ (կեղևով և առանց սերմերի), կերեք 1-ական ճ/գ նախաճաշից և քնելուց առաջ, մինչև խառնուրդը վերջանա։ Կրկնեք 1 ամիս հետո։ Այս համեղ դեղորայքը կարելի է պատրաստել նաև ծիրանի և նեկտարինի սերմերով (դառը կամ քաղցր)։
Զգուշացում։ Օգտագործեք միայն ամբողջական (չբացված) կորիզի առողջ սերմերը։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: