Ե՞րբ և որտե՞ղ է Հայաստանի նախագահը որոշել, որ երկիրը մտնում է Մաքսային միություն
Ազգային ժողովի փոխնախագահի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ սենսացիոն քայլ չի ձեռնարկել։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ չորս տարի շարունակ Եվրամիության հետ բանակցելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելիորեն որոշեց մտնել Մաքսային միություն, Էդուարդ Շարմազանովն ասել է, թե հարցադրման հետ համաձայն չէ, այդ որոշումը մեկ օրում չի կայացվել։
«Եվրոպացի ցանկացած պաշտոնյայի արձագանքին, որ Հայաստանը պետք է ընտրի կամ այս կամ այն, Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով թե Բրյուսելում, և թե Մոսկվայում ասել են, որ մենք չենք գնալու «կամ-կամ»-ի ճանապարհով, մեզ համար այս երկու գործընթացները փոխլրացնող գործընթացներ են, և որևէ սենսացիոն քայլ տեղի չի ունեցել։ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկիր ենք, մենք ԱՊՀ տարածաշրջանում շատ ակտիվ զարգացնում ենք մեր հարաբերությունները։ Ընդամենը ապրիլ ամսին Եվրասիական միության հետ Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց համագործակցության հռչակագիր»,- հայտարարել է Շարմազանովը։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, արձագանքելով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, «Ազատություն» ռադիոկայանին ասել էր.
«Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ։ Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի»:
Հարցին, թե ինչո՞ւ են ինքնիշխան երկրի ղեկավարին շանտաժի ենթարկել և արդյոք իսկապես եղե՞լ են ճնշումներ, իշխող կուսակցության խոսնակը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ կոռեկտ չէ, որ այս կամ այն երկրի նախագահի անունից խոսի այլ երկրի պաշտոնյան։ Մենք գնացել ենք մեր պետական շահի գերակայությունից ելնելով»։
Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ և որտե՞ղ է Հայաստանի նախագահը որոշել, որ երկիրը մտնում է Մաքսային միություն, երբ Հայաստանի ժողովուրդը տեղյակ չէ այդ որոշուման մասին, և գոնե կառավարությունը տեղյա՞կ եղել է այդ որոշման մասին, Շարմազանովն ասել է.
«Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահ, ունի վստահության մանդատ։ Եվ Հայաստանի ժողովուրդը ձայնը տվեց Սերժ Սարգսյանին, նրան տալով վստահության մանդատ, որպեսզի նա իրականացնի քաղաքականություն այս հինգ տարիների ընթացքում։ Նման հարցադրումները լուրջ չեն։ Ով որ պետք է եղել, բոլորն էլ տեղյակ են եղել և յուրաքանչյուր ոլորտում այդ քննարկումը տեղի է ունեցել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: