Ստուգվում է ոստիկանության քննիչի մասնակցությունը` «Ցեզար» գիշերային ակումբում տեղի ունեցած բռնի գործողություններին

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արմավիր քաղաքի բնակիչ Ռազմիկ Խաչատրյանի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին Արմավիր քաղաքում գտնվող «Ցեզար» գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռազմիկ Խաչատրյանը «Ցեզար» գիշերային ակումբում, ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, չենթարկվելով ակումբի անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին, անհիմն վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ, որի ընթացքում ակումբի աշխատակիցների հասցեին տալով հայհոյանքներ ու շուրջ 20 րոպե շարունակ խախտել է ակումբի բնականոն աշխատանքը, խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով ու զուգորդվել ակումբի տնօրեն Ա. Գ.-ի, անվտանգության աշխատակիցներ Ա. Դ.-ի և Մ. Ս.-ի նկատմամբ բռնություն գործադրելով:
Կատարված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել և Ռազմիկ Խաչատրյանին հարվածներ է հասցրել նաև ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնի քննիչ Գ. Գ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս