«Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրասիան է» թեմատիկ գիտաժողով Երևանում

2013 թ. օգոստոսի 29-31-ը Երևանում տեղի ունեցավ «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրասիան է» թեմատիկ գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցում էին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր մասերից՝ Պակիստան, ԱՄՆ, Եգիպտոս, Ճապոնիա, Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Չեխիա, Շվեդիա, Իտալիա, Ավստրալիա, Իսպանիա, Նորվեգիա, Մարոկկո, Հայասատան և շատ այլ երկրներ:

Գիտաժողովին մասնակցում էին հոգական առողջության ոլորտում իրենց ներդրումն ունեցող բազմաթիվ բժիշկներ, անհատներ և կազմակերպություններ, ովքեր թեմատիկ ելույթներով հանդես եկան 3 օրերի ընթացքում: Քննարկվեցին այնպիսի մտահոգիչ հարցեր ինչպիսիք են հոգեկան առողջությունը, նրա ժամանակակից մարտահրավերները և առաջնային բուժօգնության և խնամքի միջոցները, ինքնասպանությունների կանխման հնարավորությունները, Հայաստանում հոգեբուժության նոր հեռանկարները և այլն:

Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում և այլ երկրներում հոգեբուժության ոլորտում առկա խնդիրները, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց իրավական կարգավիճակը, ու դրա հետ կապված խնդիրները:

Գիտաժողովին հրավիրված էր նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենակը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արդեն շարունակաբար մշտադիտարկումներ է իրականացնում ՀՀ-ի հոգեբուժական հաստատություններում՝ պարզելու այս հաստատություններում գտնվող անձանց իրավուքնների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, պացիենտների հանդեպ վերաբերմունքը, նրանց կեցության և բուժման պայմանները: Ոլորտում բարեփոխումներ կատարելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պարբերաբար ներկայացվում են օրենսդրական առաջարկություններ:

Գիտաժողովի ընթացքում «Մարդու իրավունքների մարտահրավերները հոգեբուժության բնագավառում» թեմատիկ ելույթով հանդես եկավ կազմակերպության շահերի պաշտպանության բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը: Ելույթում հանգամանորեն ներկայացվեցին ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքում առաջ եկող խնդիրները ու դրանց ոչ իրավական լուծումները, որոնց փաստացի ապացույցները գրանցվել են մշտադիտարկումների ընթացքում: Բացի այդ ներկայացվեց, որ հոգեբուժարաններում ստացիոնար բուժվող անձանց նկատմամբ դրսևորվում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որն արտահայտվում է բռնությամբ, ծեծով և այլ նվաստացուցիչ գործողություններով:

Մարիետա Թեմուրյանը, ով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշտադիտարկումների մասնագետն է, ներկայացրեց հոգեբուժարաններում իր և մշտադիտարկում իրականացնող խմբի կողմից արձանագրված ապօրինությունների և օրինազանցությունների դեպքեր: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են պացիենտների հանդեպ բռնությունների դեպքեր, նրանց կարծիքն անտեսվում է, նույնիսկ նրանց ընդունման կամ դուրսգրման որոշումների կայացման ընթացքում, իսկ բուժման ընթացքում հնարավոր է այնպիսի անմարդկային վերաբերմունք, ինչպիսին է հիվանդին մի ամբողջ գիշեր հարկադիր անշարժացնելը:

Մարդու իրավունքների տեսակետից ռիսկային է հոգեբուժական հաստատությունների ֆինանսավորման քաղաքականությունը: Հոգեբուժարանների ֆինանսավորման չափի կախվածությունը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների թվից հանգեցնում է նրան, որ հոգեբուժարանը շահագրգռված է անընհատ ունենալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիներ: Դիտարկելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների թվաճը վերջին 3 տարիներում (առաջին անգամ բացահայտված ախտորոշումով գրանցված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների թվաքանակը 2008 թ.` 2549, 2009 թ.` 2689, 2010 թ.` 3584) կարող ենք եզրակացնել, որ պետության կողմից հոգեկան առողջության բնագավառում կիրառվող քաղաքականությունը գոյություն ունեցող մոտեցումների շրջանակում անարդյունավետ է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է նմանատիպ գիտաժողովների կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնել Հայաստանի Հանրապետությում հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրները և համատեղ լուծումներ գտնել՝ տեղայնացնելով միջազգային փորձը:

hcav.am

Տեսանյութեր

Լրահոս