
Քեթրին Էշթոնը Ջոն Քերիին հրավիրել է ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին հրավիրել է մասնակցել սեպտեմբերի 7-ին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը: Վերջինս ընդգծել է, որ ներկայումս իրենք սպասում են Քերիի վերջնական պատասխանին:
Բրյուսելում եղած դիվանագիտական աղբյուրը ռուսական գործակալությանը հայտնել է, որ հավանաբար այդ հանդիպման ժամանակ կքննարկվի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցը:
Սրանից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ սեպտեմբերի 5-6-ին գտնվելու է Վիլնյուսում՝ մասնակցելու համար ԵՄ-ի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այդ երկրներից 22-ը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամներ: