Գալուստ Սահակյան․ «Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը»
Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված է՝ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սահակյանը նշել է, թե համաձայնագրի ստորագրման համար որևէ խանգարող հանգամանք չկա: Նա համաձայն չէ այն պնդումներին, թե պաշտոնական Մոսկվան լուրջ ճնշումներ է գործադրում՝ փորձելով ետ պահել Հայաստանին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: Հետևաբար, Հանրապետականի փոխնախագահը Մոսկվայում այսօր կայանալիք Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումից սենսացիաներ չի սպասում՝ ընդգծելով, թե սա հերթական հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ:
Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումից հետո պարզ դառնա, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն և չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը` «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Գ. Սահակյանը պատասխանել է. «Չեմ կարծում, նման բան չի կարող լինել, որովհետև Ասոցացման համաձայնագիրը հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում, և նաև Մաքսային միության քննարկումները այնքան խորացած չեն, որ հենց կարողանանք այսօր դիրքորոշում արտահայտել, առավել ևս՝ Հայաստանը մաքսային սահման չունի Ռուսաստանի հետ»:
Հանրապետականի փոխնախագահը վստահ է, որ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի․ «Բնական եմ համարում, դա էլ պետք չի սենսացիա առաջացնել, դա ոչ թե Եվրոմիություն ենք մտնում, այլ մեր մուտքը ավելի ամբողջական ենք ապահովում Եվրոպայում»:
«Այսպես թե այնպես, դեռևս ինֆորմացիա չկա, որ մենք մտնում ենք Մաքսային միություն: Նույնիսկ եթե որոշակի հանգամանքներ ծնվեն, քանի որ մաքսային սահման չունենք՝ մենք այստեղ որոշակի վերապահումներ կունենանք, կարծում եմ»,- ասել է Սահակյանը: «Չմտնելով Մաքսային միություն՝ ուղղակի համագործակցի՞ Հայաստանը»՝ հարցին էլ նա արձագանքել է․ «Նու, շատ հնարավոր․․․ Նախ, դրա բանաձևերը լրիվ պարզ չէ ոչ միայն ինձ համար, այլ ընդհանրապես քաղաքական դաշտում հայտնի չեն: Կարծում եմ՝ մեր մուտքը ցանկացած՝ ոչ միայն մաքսային, միություն, պիտի բխի նաև մեր պետության շահերից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: