Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունից իր հեռանալու դրդապատճառների մասին նամակ է հղել հասարակությանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հրապարակել է վրաց հասարակությանն ուղղված նամակ, որում պարզաբանել է, թե ինչ պատճառներից ելնելով է մտադիր շուտով հեռանալ քաղաքականությունից: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է վերադառնալ:

Ավելի վաղ Իվանիշվիլին քանիցս հայտարարել էր, որ մտադիր է շուտով հրաժեշտ տալ քաղաքականությանը: 2012 թվականի հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո նա հայտարարել էր, որ քաղաքականությունից հեռանալու է մեկ, առավելագույնը՝ երկու տարվա ընթացքում, սակայն քանիցս փոխել է այդ ժամկետները:

Իր տարածած նամակում Իվանիշվիլին նշել է, որ ավարտված է համարում վարչապետի և դաշինքի առաջնորդի իր գործառույթները: Նա հավելել է, որ քաղաքականությունից կհեռանա, երբ համոզված կլինի, որ հաջողությամբ են անցել հոկտեմբերի 27-ին պլանավորած նախագահական ընտրությունները.

«Ես կհեռանամ այն ժամանակ, երբ վստահ կլինեմ, որ ոչ ոք և ոչինչ չի կարող հարկադրել մեզ փոխել մեր ընտրած կուրսը, երբ ես վստահ կլինեմ, որ երկիրը զարգանում է կայուն»: Իվանիշվիլին խոստացել է նախապես հայտնել քաղաքականությունից իր հեռանալու ստույգ ժամկետը: Իվանիշվիլին չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կարող է վերադառնալ, եթե իհարկե վստահ լինի, որ կառաջանա նման կարիք:

Իվանիշվիլիի խոսքերով՝ իրեն 2012 թվականի հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել հարկադրել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունները, և մասնավորապես նրա կողմից ընդունված սահմանադրական ուղղումները, որոնք վկայել են իշխանությունը պահպանելու նրա ցանկության մասին:

Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին վստահություն է հայտնել, որ «Վրացական երազանք» դաշինքից նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթելու է հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս