Ամերիկյան Nimitz ատոմային ավիակիրն Արաբական ծովից շարժվել է դեպի Կարմիր ծով՝ Սիրիային հնարավորինս մոտ գտնվելու համար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Nimitz ատոմային ավիակիրը ռազմանավերի ուղեկցությամբ Արաբական ծովից շարժվել է դեպի Կարմիր ծով, որպեսզի հնարավորինս մոտ գտնվի Սիրիային:
Ավիակրին ուղեկցում է 4 էսկադրոնային ականակիր և 1 հածանավ: Պենտագոնի ներկայացուցիչների տվյալներով՝ ռազմածովային այդ խմբավորումը դեռ չի ստացել Միջերկրական ծով դուրս գալու հրաման՝ Սիրիայի ափերի մոտ անմիջականորեն գտնվելու համար:
Պենտագոնում գործակալության ունեցած աղբյուրը հայտնել է, որ տվյալ դեպքում խոսքը գնում է միայն տվյալ տարածաշրջանում ուժերի ու միջոցների մոբիլիզացիայի մասին: Օգոստոսի 31-ին Միջերկրական ծովի արևելյան հատված էր ժամանել San Antonio դեսանտանավը՝ ծովային հետևակայինների հետ միասին:
Դեսանտանավից բացի, տվյալ գոտում է գտնվում նաև ամերիկյան 5 էսկադրոնային ականակիր, որոնք կարող են գործարկվել Սիրիայի դեմ ռազմական գործողությունում: Բացի այդ, Պարսից ծոցի գոտում է գտնվում Harry Truman ավիակիրը: