Ընդդիմություն` անգամ դեսպաններով

«Այն, որ եթե մենք անգամ դեսպան կունենանք ՀՅԴ շարքերից` ի դեմս Վահան Հովհաննեսյանի, Լևոն Մկրտչյանի, չի նշանակում, որ դադարելու ենք լինել ընդդիմություն. սա պարզ է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` ի պատասխան ՀՅԴ-ականների` դեսպաններ նշանակվելու մասին մամուլի հրապարակումներին և այն կարծիքներին, թե այդպիսով ՀՅԴ-ն կարող է գործարքի գնալ իշխանությունների հետ, մտնել կոալիցիա և այլն:

«Մեր ընդդիմություն լինելը պայմանավորված չէ նրանով, որ մեզ տեղ էին տալիս կամ տեղ չէին տալիս: Մենք դուրս ենք եկել կոալիցիայից, որովհետև Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանը համաձայն չենք եղել, մնացել էր արտաքին ճակատը, և տեսնելով, որ այդտեղ ազդեցություն չենք ունենում, համարեցինք, որ մնալն անիմաստ էր: Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել տարբեր ուժերի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է ինչ-որ կոալիցիաների մեջ մտնենք:

Իմ կարծիքով, մենք երբեք չենք լինի մի կոալիցիայում, որտեղ մեր կարիքը չունեն: Եթե այս կոալիցիոն գործընկերները անհրաժեշտ կհամարեն մեզ մի երկու աթոռ տան, մենք էլ ազդեցիկ չլինենք, դա մեզ պետք չէ: Մենք նպատակ ունենք` լինել ազդեցիկ: Դաշնակցությունը, որպես սկզբունք, այդպես է աշխատում. մենք երբեք չենք մտնի այն կոալիցիան, որտեղ ձայն չենք ունենա, ազդեցիկ չենք լինի: Սա իմ անձնական տեսակետն է: Երբ հաստատվեն տեղեկությունները կամ հերքվեն, կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի այս հարցում»,- ավելացրել է նա` այդպիսով առնվազն չբացառելով, որ ՀՅԴ-ականները` հնարավոր է նշանակվեն դեսպանի պաշտոնում:

Կիրո Մանոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս