Բաժիններ՝

Առևանգել են բժշկական քոլեջի առաջին կուրսի ուսանողուհուն

19-ամյա Մհեր Մկրտչյանը  մեղավոր  է  ճանաչվել   ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝  անչափահասին առևանգելը և դատապարտվել ազատազրկման 4  տարի ժամկետով։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Երևանի  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Օհանյանի նախագահությամբ, օգոստոսի 26-ի դատավճռով  մեղադրանքի ծավալից հանել է ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն   առևանգելը՝  հիմնավորված չլինելու պատճառով: Ըստ Դատարանի, գործի տվյալների ուսումնասիրությամբ և դատաքննությամբ պարզվել է, որ նախաքննության մարմինը չի պարզել մեղադրանք առաջադրելու որոշման մեջ մատնանշված «ոմն Հարութի և Արմանի» ամբողջական տվյալները, ազգանունները, տարիքը, յուրաքանչյուրի կոնկրետ դերակատարումը հանցագործության կատարման մեջ, նրանց առնչությունը դեպքին, հանցագործության` քրեադատավարական օրենքով նախատեսված հատկանիշները և այլն։

Ըստ «Էրեբունի»  պետական բժշկական քոլեջի առաջին կուրսի ուսանողուհի, անչափահաս տուժողի դատաքննական ցուցմունքի,  Մհեր Մկրտչյանն իր ընկերն է եղել, ում հետ հանդիպել են, իսկ դեպքի օրվա` 2013թ. մարտի 15-ի դրությամբ եղել են գժտված։ Այդ օրը առավոտյան ժամը 08։50-ի սահմաններում քոլեջի պահակակետի մոտ հանդիպել է Մհերին։ Վերջինս մոտենալով իրեն առաջարկել է խոսել, սակայն ինքը չի ցանկացել, որից անմիջապես հետո Մ.Մկրտչյանը բռնելով իր ձեռքից նստեցրել է մի մեքենա ու քոլեջի մոտից գնացել են ամայի մի վայր, որտեղ շարունակել են զրուցել, սակայն չեն հաշտվել։ Մոտ երկու ժամ անց իր հեռախոսին զանգահարել է հայրը  և խոսել է Մհեր Մկրտչյանի հետ, որից հետո վերջինս իրեն մի պատահական տաքսի ավտոմեքենա է նստեցրել ու ճանապարհել է հետ քոլեջ, որտեղից  տուն գնալիս հանդիպել է հորը՝   նա  արդեն խիստ զայրացած է եղել և որոշել է ոստիկանություն դիմել։ Ինքը հնազանդվել է և միասին գնացել են ոստիկանություն ու հաղորդում տվել։ Տուժողը դատաքննությամբ հայտնել է նաև, որ Մհեր Մկրտչյանը մենակ է եղել, ավտոմեքենա նստել է իր կամքին հակառակ, բայց նստելիս չի բղավել, օգնություն չի խնդրել, մեքենայից իջնելու փորձեր չի կատարել, վարորդից օգնություն չի խնդրել։

Տուժողի ընկերուհին ցուցմունք  է տվել, ըստ որի  քոլեջի պահակակետի մոտ իրենց է մոտեցել Մհեր Մկրտչյանը և ցանկացել է խոսել իր ընկերուհու  հետ, որից վերջինս հրաժարվել է։ Այդ ժամանակ Մհերը, ոչ այնքան ստիպողաբար անչափահասին  նստեցրել է մի արծաթափայլ «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենա և երկուսով  հեռացել են։ Մի փոքր սպասելուց հետո անհանգստացած զանգահարել է ընկերուհու բջջային հեռախոսին, վերջինս հայտնել է,  որ ամեն բան նորմալ է,  կխոսեն ու կգան։

Կարդացեք նաև

Տուժողի հայրը  ցուցմունք է տվել այն մասին, որ դստեր ընկերուհուց տեղեկացել է, որ  քոլեջի մոտ Մհեր Մկրտչյանը մեքենայից իջնելով ու կտրելով իրենց ճանապարհը, բռնել է տուժողի  ձեռքը, նստեցրել է ավտոմեքենան ու փախցրել է։ Մի քանի ժամ անց, երբ դուստրը վերադարձել է,  միասին գնացել են ոստիկանություն ու հաղորդում տվել։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս