Բաժիններ՝

Լոռու մարզի դատախազ. Փոխանակ վերաքննիչ բողոք ներկայացնեն, անկողնու մետաղներն են կուլ տալիս…

Քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրենց բողոքն արտահայտող կալանավորները հաճախ են դիմում ինքնախեղման: Կալանավորները ինքնավնասման եղանակով փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ու հասանելի դարձնել պետական կառույցներին: Մետաղյա իրեր կուլ տալը, ածելիով երակները կտրելն ու հացադուլ անելը, բերանն ու աչքեր կարելը այն հիմնական եղանակներն են, որոնց դիմում են կալանավորները՝ այս կամ այն հարցից դժգոհ լինելու դեպքում: Իսկ ի՞նչ վիճակ է տիրում Վանաձոր ՔԿՀ-ում և արդյո՞ք կալանավորների բողոքը ղեկավարության ու ՔԿՀ-ի պայմանների դեմ է:

Այս հարցի պատասխանը 168.am-ը փորձեց ստանալ Լոռու դատախազ Հակոբ Ղարախանյանից: Վերջինիս փոխանցմամբ, կալանավորների կողմից իրականացվող նման քայլերը միշտ էլ անընդունելի է եղել, և ինքնավնասումը դիտարկել որպես բողոքի նոտա, դատախազի խոսքով, անընդունելի է.

«Դա ընդունելի պայքարի ձև չէ, պայքարի ձևերը օրենքով են սահմանված: Անընդունելի են բոլոր այն միջոցները, որոնք օրենքով սահմանված պայքարի ձևեր չեն»,- ասաց նա: Այն հարցին, թե ո՞րն է, վերջիվերջո, ազատազրկվածների պահանջը և արդյո՞ք դա ղեկավարության դեմ է, թե, ասենք՝ հարուցված քրեական գործի, Ղարախանյանը պատասխանեց. «Պահաջները տարբեր են, սակայն հիմնականը այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու պահանջն է, որովհետև Վանաձոր քրեակատարողական հիմնարկը հայտնի է ռեժիմի իր խստապահանջությամբ ու կարգուկանոնի բարձր մակարդակով… նեղվում են երևի դատապարտալները, ուզում են գնալ ավելի «հանգիստ» քրեակատարողական հիմնարկներ: Հիմնական պահանջները դա է, բայց կան, որ դատական ակտերի դեմ են բողոքում, ինչը ևս անընդունելի է… փոխանակ վերաքննիչ բողոք գրեն, անկողնու մետաղներն են կուլ տալիս…երկաթ կուլ տալով ինքն առաջինը իրեն է վնասում»:

Հիշեցնենք, որ Վանաձոր ՔԿՀ-ում ընթացիկ ամսում ևս կալանավորներից ոմանք հացադուլ արեցին: Նրանցից մի մասը դժգոհում էր հարուցված քեական գործի դեմ, մի մասն էլ, ինչպես դատախազը նշեց, ցանկանում էր այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել: Իսկ ընթացիկ տարվա ինքնավնասման ամենալուրջ դեպքն այստեղ գրանցվեց, երբ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորներից մեկի ստամոքսից բժիշկները վիրահատական ճանապարհով 55 մետաղյա իրեր էին դուրս բերել:

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս