Հայաստանը մասնակցում է Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսին
Սեպտեմբերի 2-7-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինձյան Ույգուրյան Ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում տեղի տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» երրորդ ցուցահանդեսը՝ «Բացահայտումներ, Փոխադարձ վստահություն և համատեղ զարգացումներ» խորագրով: Այն հովանավորվում է Չինաստանի կառավարության կողմից և նոր հարթակ է հանդիսանում Չինաստանի և Եվրասիական երկրների տնտեսական, առևտրային, ներդրումային, գիտական և տեխնոլոգիական համագործակցության համար:
Ինչպես Զարգացման հայկական գործակալությունից հայտնեցին 168.am-ին, Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարան (պահածոներ), «Ռուկար Գրուպ» (մրգային օղի), «Արկոլադ» (շոկոլադ), «Թամարա Ֆրուտ» (հյութեր և սառը թեյ), «Սիս Նատուրալ» (հյութեր), «Ռ ընդ Դ» (աղբյուրի ջուր), «Բեռլին-Արտ հոթել» ընկերությունները:
Որպես չինական կողմի գործընկեր՝ կազմակերպիչները ԶՀԳ-ին տրամադրել են 2 անվճար ստանդարտ տաղավար` Հայաստանը ներկայացնելու համար: Վերոհիշյալ տաղավարներում նախատեսվում է հավաքական ներկայացնել հայկական ընկերությունները:
Ցուցահանդեսի շրջանակներում ակնկալվում է կնքել համագործակցության հուշագիր ցուցահանդեսի կազմակերպիչների և Զարգացման հայկական գործակալությանը միջև: ԶՀԳ-ի ներկայացուցիչները կմասնակցեն մի շարք հանդիպումներին, ներդրումների և առևտրի խթանման ուղղված միջոցառումներին, մասնավորապես Չինաստան-Եվրասիա տնտեսական զարգացման և համագործակցության համաժողովին:
Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը: