Ռուբեն Սահակյանը նույնպես դժգոհ է Զինդատախազությունից

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի (Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու) փաստաբան Ռուբեն Սահակյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարեց, որ իր պաշտպանյալը հանցանք չի կատարել: Պաշտպանի խոսքով՝ Տ. Խաչատրյանը գործել է «անհրաժեշտ պաշտպանության վիճակում»:

Ռ. Սահակյանն ասաց, որ գործով մյուս մեղադրյալ Արտակ Բուդաղյանը սպառնալիքներ է հնչեցրել Խաչատրյանների ընտանիքի հասցեին, իսկ Տ. Խաչատրյանը Արտակ Բուդաղյանի առաջին սպառնալիքներից հետո է գնացել, վերցրել «Տոզ» տեսակի որսորդական հրացանը, ապա իր մտերիմների կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով մեկ անգամ կրակել է Ա. Բուդաղյանի վրա՝ նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածք: Ըստ փաստաբանի՝ Տ. Խաչատրյանի համար անհրաժեշտ պաշտպանության նոր իրավիճակ է առաջացել այն ժամանակ, երբ Ավետիք Բուդաղյանը, գիտակելով եղբոր վիրավորվելու փաստը, իր ձեռքում եղած ատրճանակը պահել է նրա ուղությամբ՝ սպառնալով սպանել:

Ռ. Սահակյանի խոսքով՝ այդ ժամանակ կրկին անհրաժեշտ պաշտպանության նպատակով 2 անգամ կրակել է Ավետիք Բուդաղյանի վրա և վիրավորել նրան: Փաստաբան Ռուբեն Սահակյանը մեջբերեց Քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածը. «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Ռուբեն Սահակյանն ասաց, որ գործով մյուս մեղադրյալ Զարզանդ Նիկողոսյանի խափանման միջոցը պետք է փոխվի. նա, ըստ փաստաբանի, ազատ պետք է արձակված լիներ: Միևնույն ժամանակ Ռուբեն Սահակյանն ասաց, որ իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանի մեղադրանքի որոշման համաձայն՝ Նիկոլայ Աբրահամյանին մարմնական ծանր վնասվածք է պատճառել Ավետիք Բուդաղյանը:

Փաստաբանը նշեց նաև, որ վերջինս Սուրիկ Խաչատրյանի տան մոտ եկել է գինովցած վիճակում: «Փորձագետի եզրակացության համաձայն՝ 6,2 պրո/միլ է, այսինքնգ նորմայից 25,5 անգամ ավելի խմած վիճակում: Ես չգիտեմգ ով ինչքան է խմած եղել»: Ռուբեն Սահակյանի խոսքով՝ դատելով գործի նյութերից՝ Ավետիք Բուդաղյանը վրդովված եկել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հետևյալ պատճառաբանությամբ. «Նույն օրը Սդխի գյոլ կոչվող տարածքից երբ վերադարձել են, մեքենայի մեջ, ըստ Զարզանդ Նիկողոսյանի ցուցմունքի, տեղի է ունեցել վիճաբանություն նրանց երկուսի միջև՝ Ավետիքի և Զարզանդի, և Զարզանդը երկու անգամ ձեռքով հարվածել է նրան: Ըստ մեր նյութերի՝ Ավետիք Բուդաղյանը վրդովված է եղել, որ Սուրիկ Խաչատրյանը չի սաստել Զարզանդ Նիկողոսյանին»:

Կարդացեք նաև

Ռուբեն Սահակյանը հերքեց այն տեղեկատվությունը, թե Բուդաղյան եղբայրների վրա կրակել են թիկունքից: Փաստաբանի խոսքով՝ գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի մարմնում մեկ գնդակ է հայտնաբերվել, որը նրա մարմնից դուրս չի եկել. «Եթե մուտքը լյարդի շրջանում է, ուրեմն դիմացից է մուտքը: Մեր հրազեններն առայժմ դեռևս սովորություն չունեն շրջանցել մարդու մարմինը 180 աստիճան և վերադառնալ, մխրճվել մարմնի մեջ: Նման բան դեռևս գոյություն չունի»: Ավետիք Բուդաղյանը, ըստ փաստաբանի, ստացել է երկու մուտքով և ելքով վնասվածք, որոնց մուտքը դիմացից է. նրա միայն մեկ վնասվածքի մասին կարելի է ասել, որ այն պատճառվել է թիկունքից: Ռուբեն Սահակյանը հայտարարեց նաև, որ դեպքի ժամանակ իր պաշտպանյալը թմրամիջոցների ազդեցության տակ չի եղել. նրա մարմնում թմրալկալոիդների հետքեր են հայտնաբերվել. «Եզրակացություն, որ դեպքի ժամանակ նա գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ՝ չկա:

Մարդու մեզի, արյան մեջ, մազերի մեջ հատկապես հետքերը կարող են մնալ հազարամյակներ: Փորձագետին պետք է հարցաքննի քննիչը և իմանա՝ ինչ օրերի ընթացքին է վերաբերում, երբ է նա օգտագործել, եթե օգտագործել է: Այս հարցի պատասխանը մենք չունենք: Դրա համար մենք չենք խոսում: Ինչի խոսենք այն բանի մասին, որից տեղեկություն չունենք»,- ասաց Ռուբեն Սահակյանը: Նա միաժամանակ նշեց, որ եթե գործով մյուս մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը ապացուցի, որ դեպքի ժամանակ Տ. Խաչատրյանը թմրամիջոցների ազդեցության տակ է գտնվել, ինքը կհրաժարվի Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունից: Կհրաժարվի, քանի որ կստացվի, որ այդ դեպքում ինքը սուտ է խոսել:

Անդրադառնալով Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, որ զինդատախազությունը փորձում է ծանրացնել իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանի մեղադրանքը, Ռուբեն Սահակյանն ասաց.

«Ես պատասխանատու հայտարարում եմ, որ չեն կարող զինվորական դատախազությունում ծանրացնել նրա մեղադրանքը. Քրեական օրենսգրքում այլ հոդված, քան 137 հոդվածն է՝ սպանության սպառնալիքը, չկա, գոյություն չունի»:
Իր վերջին ասուլիսում փաստաբան Հայկ Ալումյանն ասել էր նաև, որ մեղադրանք պետք է առաջադրվի նաև Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանին՝ զենքն անփութորեն պահելու և ինքնաշեն զենք ունենալու համար: Ռ. Սահակյանը նշեց, որ մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճռով չհաստատվի Տ. Խաչատրյանի և Զ. Նիկողոսյանի կողմից հանցանք կատարելը, ոչ ոք իրավունք չունի պատասխանատվության ենթարկել այն անձին, ում՝ զենքն անփությությամբ պահելու արդյունքում հայտնվել է կրակողների ձեռքում:

Իսկ ինքնաշեն զենքն, ըստ Ռ. Սահակյանի, օրինական է եղել: Ընդհանուր առմամբ Ռ. Սահակյանի խոսքով՝ ինքը վրդովված է զինդատախազության որոշակի գործողություններից. «Ավելի շատ վրդովվելու իրավունք մենք ունենք, քան Բուդաղյանները, թողնենեք այստեղ ով ինչ վնասվածքներ է ստացել, ով ինչ աստիճանի է տուժել: Ես խոսում եմ իրավական գնահատականների մասին»:
Անդրադառնալով քննարկումներին, որ դեպքը պատկերող տեսանյութը մոնտաժված է եղել, Ռ. Սահակյանն ասաց, որ այն պարզապես չէր կարող մոնտաժվել. «Հնարավոր է արդյոք մոնտաժել մի տեսանյութ, որը նկարվում է 4 տեսախցիկով միաժամանակ: Եթե մի տեսախցիկի մեկ հարյուրերորդական մասը կտրես, ապա մյուս երեքի մասերը նույնպես կպակասեն: Կա՛մ այստեղ կերևա այսինչ վայրկյանը, այստեղ այնինչ վայրկյանը: Անմիջապես կերևա: Իսկ մոտնտաժել մանավանդ այդ կարճ ժամկետում, այն էլ չունենալով համապատասխան տեխնիկագ Հայաստանում մոնտաժման լավ տեխնիկա գոյություն չունի, ուր մնաց Գորիսում լինի, իսկ տեսաժապավենները վերցվել են դեպքից մի քանի ժամ անց»:

Հարցին՝ արդյոք փաստաբանը վարկած ունի՞՝ ինչպես է տեսանյութը հայտնվել համացանցում, Ռ. Սահակյանը պատասխանեց. «Ենթադրություն կարող եմ անել, բայց ենթադրությունս, ինձ թվում է, հիմքեր ունի իր տակ, որ այն կարող էր հասնել նրանց, ովքեր որ այդ բանը արել են, Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներից մեկի միջոցով»: Միևնույն ժամանակ, Ռ. Սահակյանն ասաց, որ համացանցում հայտնված տեսանյութի վրա դրված սլաքները արջի ծառայություն են եղել Ս. Խաչատրյանի ընտանիքին:

Ասուլիսից հետո Ռուբեն Սահակյանը պատասխանեց նաև «168 ժամի» հարցերին:

– Ասացիք, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն եք ներկայացրել: Ի՞նչն է նման միջնորդություն ներկայացնելու պատճառը:

– Իմ պաշտպանյալը՝ Տիգրան Խաչատրյանը, արարքը կատարել է՝ գտնվելով անհրաժեշտ պաշտպանության վիճակում, իսկ անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված արարքը, Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ համարվում է իրավաչափ: Ասում է՝ սպանիգր, եթե քեզ ոտնձգում են:

– Ի՞նչ լուծում է ստացել միջնորդությունը:

– Պատասխանը սա է. հարգելի՛ պարոն Սահակյան, հայտնում եմ, որ ձեր կողմից 24.08-ին թվագրված միջնորդությունը ստացվել է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննչական բաժնում: Այն քննարկվել և կցվել է գործին: Նկատի ունենալով, որ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելուհամար էական մի շարք հանգամանքների պարզաբանումն ընթացքի մեջ է, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի կարգով միջնորդության լուծումը հետաձգվել է:

– Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասել էր, որ Ավետիք Բուդաղյանին մեքենայի մեջ որոշ անձինք հարվածներ են հասցրել, սակայն դուք կարծես թե ասացիք, որ նման բան չի եղել:

– Ես ասացի, որ ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել մեքենայում: Ես այդ կապակցությամբ ունեմ միայն և միայն Զարզանդ Նիկողոսյանի ցուցմունքը իմ տրամադրության տակ, որտեղ Զարզանդն ընդունում է, որ նա երկու անգամ բռունցքով հարվածել է Ավետիք Բուդաղյանին: Ավելին չունեմ, հետևաբար չեմ կարող ասել ոչինչ: Իսկ այդ արարքը, որ երկու անգամ նրան հարվածել է, իր մեջ չի պարունակում Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

– Ձեր խոսքում ասացիք, որ վրդովված եք զինվորական դատախազության որոշակի գործողություններից: Կարո՞ղ եք ասել, որ ինչ-որ առումով նախաքննությունը հօգուտ Բուդաղյանների է ընթանում և ոչ հակառակը, ինչպես նշում է Հայկ Ալումյանը:

– Գիտեք` ուղղակի փաստ չունեմ, որ նա հօգուտ Բուդաղյանների է գործում: Ես իմ կարծիքը կարող եմ արտահայտել, եթե ամբողջական գործին ծանոթանամ: Երբ կարդում ես գործը, դու տեսնում ես՝ շեղում կա, թե չկա: Բայց այսօր ես ունեմ կցկտուր ինֆորմացիա: Այդ կցկտուր ինֆորմացիայի հիման վրա ես ընդամենը ենթադրություն արեցի, որը նույնպես անթույլատրելի էր իմ կողմից: Բայց ես նաև ցույց տվեցի նրանց մի քանի կոպիտ սխալները, որոնք թույլ են տվել: Ասացի, որ Նիկոլայ Աբրահամյանին Ավետիք Բուդաղյանի կողմից պատճառված ծանր մարմնական վնասվածքը մեղսագրվել է և՛ Տիգրանին, և՛ Զարզանդին: Դա անթույլատրելի է: Լավ, ընդունենք, որ իրենցից մեկն էր կրակել, բայց մեկը չէ՞, ինչո՞ւ երկուսին:

Հիմա պատկերացրե՛ք` ինձ և ձեզ էլ մեղադրանք առաջադրեին: Նույն պատմությունը կստացվեր: Այն քննիչը, որ մեղադադրանքը առաջադրել էր Զարզանդին, թող իր ընկերոջն էլ այդ նույն մեղադրանքն առաջադրեր: Չէ՞ որ ոչ այն մեկն էր կատարել, ոչ էլ այն մյուսն էր կատարել: Ոչ Տիգրանն էր կրակել Նիկոլայի վրա, ոչ Զարզանդը, ոչ ես, ոչ դուք: Թող մեզ էլ մեղադրանք առաջադրեր, չէ՞ որ մենք էլ չենք կրակել, այսինքն՝ մեղադրանք է առաջադրել մի մարդու, որը չի կրակել այդ մարդու վրա: Բա չվրդովվե՞մ:

– Պարո՛ն Սահակյան, դա քննիչի ոչ պրոֆեսիոնալ լինելու արդյո՞ւնքն է:

– Ո՛չ, գիտեք ինչ, քննիչի ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքը չէ: Սա դեռ վաղուցվանից եկած մի այսպես ասած` անթույլատրելի վարքագիծ է, որը դրսևորում են նախաքննություն իրականացնող մարմինները: Ասում են՝ շատը դնենք, հետո կարճելը հեշտ է, էլի: Է, ա՜յ մարդ, հանիրավի միգմեղադրեք էլի: Դուք պատկերացնո՞ւմ եք մարդը քնում է և ասում է՝ ինձ մեղադրել են այսինչի սպանության մեջ: Ասում են` ավելի շատ լինի, քան պակաս լինի:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս