Մկրտիչ Մինասյան. Լավ կլինի՞, որ ես էլ ասեմ` եղբայր, քո ընտանիքի նկարը վերցրու-տուր, հանեմ քցեմ ոտիս տակ (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը 168.am-ի հարցին, թե վերջին անգամ, երբ փոխքաղաքապետը հանդիպեց Կոմիտաս 5-ում հավաքված երիտասարդների հետ, ակցիայի մասնակիցները պահանջ դրեցին՝ հանել ՀՀԿ կրծքանշանը ու գցել «ոտքի տակ», որպեսզի «մարդը մարդու պես խոսեն», ինչպե՞ս եք վերաբերում այս և ՀՀԿ-ի հետ կապված այլ հայտարարություններին, պատասխանել է.

«Նրանց պահանջը քաղաքական անբարտավանություն է: Ի՞նչ է նշանակում կուսակցության էմբլեման հանել կրծքից ու քցել ոտքի տակ: Լավ կլինի՞, որ ես էլ ասեմ` եղբայր, քո ընտանիքի նկարը վերցրու-տուր, հանեմ քցեմ ոտիս տակ: ՀՀԿ-ն գաղափար է՝ տասնյակ հազարավոր մարդկանց միմյանց միավորող գաղափար: Եվ այդ գաղափարի սիմվոլը ոտքի տակ քցել, նշանակում է՝ բոլորիս հանդեպ անհարգալից վերաբերմունք ունենալ: Սա՞ է ժողովրդավարությունը: Այդ մարդի՞կ են ուզում երկիր կառուցել: Ես չէի ցանկանա, որ նման մարդիկ երկիր կառուցեն, որովհետև նրանք ի չարս են օգտագործելու պետությունը. հանդուրժողականության մի կաթիլ չունեն: Ավելին՝ անբարտավանություն ու լկտիություն են ցուցաբերում: Ամեն տաք գլխի ցանկություն չէ, որ պետք է դառնա իրականացման հիմք: Էդ տաք գլուխներից մեկը կարող է առաջարկել, թե կրծքանշանը հանեք՝ քցեք ոտքի տակ… բայց ամեն ինչ չէ, որ պետք է արժանանա հարգալից վերաբերմունքի»:

Դիտարկմանը, թե ակտիվիստներն էլ ասում են, թե ՀՀԿ-ն է իրենց նկատմամբ անհարգալից, նա պատասխանել է. «Անհարգալի՞ց` մե՞նք…. ինչի՞, որ ազատ արտահայտո՞ւմ են իրենց մտքերը, որ երբեմն ծայրահեղ մետեցումներ են ցուցաբերում, որ դրանց համար պատիժ չե՞ն կրում… դրա համար ենք հա՞ անհարգալից: Մոռացե՞լ են՝ մի քանի տարի առաջ ինչպես էր. մենք ապրել ենք, չէ՞, այդ ամենը, տեսել ենք, որ ազատ արտահայտման հնարավորություն չի եղել: Փառք աստծո, այսօր կա, ուզում են չլինի՞գ Հրահրենք, որ չլինի ազատ խոսք, հա՞… ո՞րն է իրենց ուզածը»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս