
Ակտիվիստները Դավիթ Օհանյանին առաջարկում են ՀՀԿ-ի կրծքանշանը հանել, գցել «ոտքի տակ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող իրադարձությունները դեռևս շարունակվում են, այնտեղ է նաև Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:
Նա հավաքված երիտասարդներին առաջարկեց խոսել «մարդը մարդու պես», սակայն ակտիվիստները հրաժարվեցին՝ առաջարկելով խոսել «քաղաքացին քաղաքացու հետ» կամ՝ «քաղաքացին պաշտոնյայի հետ», միաժամանակ Դավիթ Օհանյանին առաջարկելով հանել ՀՀԿ-ի կրծքանշանը, գցել գետնին՝ «ոտքի տակ», քանի որ, ըստ նրանց՝ այդ կրծքանշանով նա չի կարող իրենց հետ խոսել «մարդը մարդու պես»: Բնականաբար, Դավիթ Օհանյանը չհամաձայնեց:
Բնակիչներից մեկը բողոքում էր, որ շինարարության պատճառով իր տան պատերը ճաքել են, Դավիթ Օհանյանն այս պահին այդ բնակչի հետ գնաց նրա բնակարան, որպեսզի անձամբ տեսնի այն:
Տեսնելով բնակարանի առաստաղի վրա երկար ճաքը՝ Դավիթ Օհանյանն ասաց, թե ինքը չի կարծում, որ դա շինարարությունից է առաջացել: Ըստ նրա՝ բնակարան ջուր է լցվել, ինչն էլ առաջացրել է այդ ճաքը: Սակայն բնակիչը հակադարձեց՝ ասելով, որ երբեք իր բնակարանում ջուր չի լցվել: Օհանյանն ասաց, որ ինքը մասնագետ կուղարկի՝ պարզելու համար ճաքի առաջացման պատճառները: