Բաժիններ՝

Մարտունիում տների 72 տոկոսը վթարային է և ցանկացած պահի կարող է փլվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի տների 72 տոկոսը վթարային է: Դեռևս 1999թ. իրականացված ուսումնասիրությունների եզրակացության համաձայն` բնակարաններին տրվել է վթարայնության 2-րդ, 3-րդ և 4-րդ կարգի աստիճան: Մարտունու գյուղապետ Արթուր Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում չբացառեց, որ նոր ուսումնասիրութուններ կատարելու դեպքում՝ դրանց վթարայնության աստիճանը փոխվի.

«Նույնիսկ 5-րդ աստիճան կարող է դառնալ»,- ասաց նա: Գյուղապետի խոսքով՝  փլուզման վտանգի տակ է գտնվում 90 տուն, որոնց բնակիչների ճակատագրերն անորոշ են. նրանք շարունակում են մինչ օրս բնակվել օր-րի փլվող տան ներսում. «Անըդհատ հոսք կա, վտանգը մեծ է, բայց դե ինչ արած, գյուղացին էսօր փող չունի, որ կարողանա նոր տուն առնի, ստիպված ապրում է էդ պատերի մեջ»:

683 բնակիչ ունեցող Մարտունիում հիմնական զբազվածությունը անասնապահությունն է, մեկ էլ` արտագնա աշխատանքը, իսկ մեկնողները շատ հաճախ չեն էլ վերադառնում հայրենիք:

Այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ուղղությամբ, Արթուր Ասատրյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի արվում, ես որ մի տարվա գյուղապետ եմ, իմ պաշտոնավարման օրերին ոչինչ չի արվել…»:

Նմանօրինակ վիճակ է տիրում շատ համայնքներում, բազմաթիվ ընտանիքներ շարունակում են բնակվել քանդման ենթակա տների մեջ՝ այն դեպքում, երբ այդ քանդման ենթակա որոշումը տրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից: Ի դեպ, նույն այդ եզրակացություններն արվել են 1999թ.՝ 14 տարի առաջ:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս