
Վանաձորի մի շարք խանութներում ձվի դեֆիցիտ է

Վանաձորի մի շարք մթերային խանութներում արդեն մեկ շաբաթ և ավել է, ինչ ձու չեն ընդունում: Պատճառն, ըստ խանութպանների, ընկերությունների կողմից խանութներին ձու չմատակարարելն է: Ծայրամասային թաղամասերից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք վերջին անգամ ձու ստացել են երկու շաբաթ առաջ: Ի դեպ, մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իրենք ձու ընդունել են «Լուսակերտ», «Աշտարակ» և «Արզնի» ընկերություններից: Խանութում այս պահին առկա էր միայն 70 դրամ արժողությամբ ձու. «Երկու շաբաթ առաջ են բերել, խոստացան, որ անցած շաբաթ պետք է բերեին, բայց մինչև հիմա չեն բերել…»,-ասաց աշխատակիցը: Իսկ թե ի՞նչն է պատճառը՝ աշխատակիցը դժվարացավ նշել:
Ի դեպ, նման խնդիր կա Վանաձորի մի շարք խանութներում, որոնք ևս արդեն երկու շաբաթ է՝ ձու չեն ստանում: Տարածված խժոսակցությունների համաձայն՝ խանութներից շատերին մատակարարվում է արտասահմանից ներկրված ձու, իսկ տեղականը արտահանվում է: