
Սիրիայում ավելի քան 350 մարդ է զոհվել. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն

Սիրիայում նեյրոտոքսիկ ախտանշաններով մոտ 355 մարդ է զոհվել: Շաբաթ այդ մասին հայտարարել է «Ֆրանս պրես» գործակալությունը ` վկայակոչելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներին:
Բժիշկները պնդել են, որ օգոստոսի 21-ից օգնություն են ցուցաբերել նյարդակաթվածային ախտանշաններ ունեցող ավելի քան 3,6 հազ. սիրիացիների: «Այդ ախտանշանները վկայում են երեւույթի համաճարկային բնույթի մասին»,-նշել են կազմակերպության ներկայացուցիչները:
Օգոստոսի 21 –ին մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին Դամասկոսի արվարձաններում իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման մասին: Նախնական տվյալներով` զոհվել է ավելի քան 600 մարդ: Ընդդիմադիրները պնդում են, թե զոհերի թիվը կարող էր հասնել 1,3 հազարի: Իշխանություններն ու զինվորական հրամանատարությունը հերքում են այդ տեղեկությունները: