
Զոհված զինվորին հուղարկավորելու են Քաջարանի Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում

Օգոստոսի 23-ին Հայաստան-Նախիջևան սահմանագծում դիպուկահարի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող, Քաջարան քաղաքի բնակիչ, 1993 թվականին ծնված Նորայր Արարատի Պետրոսյանին կհուղարկավորեն վաղը՝ օգոստոսի 25-ին, Քաջարանի Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում: Այս մասին 168.am-ին ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը:
Նորայրը Երևանի ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանող էր: Նա ակտիվ երիտասարդ է եղել, մասնակցել է համաքաղաքային միջոցառումներին:
«Շատ ցավալի դեպք է, մի քանի ամիս հետո նա պիտի զորացրվեր: Մի քանի անգամ ես եմ եղել Ագարակի զորամասում, հանդիպել եմ Նորիկին: Ծառայությունից չէր նեղվում, բազմաթիվ շնորհակալագրեր ուներ: Իմ և Քաջարանի քաղաքապետարանի անունից խորը վշտով ցավակցում եմ Նորայրի ծնողներին, բոլոր քաջարանցիներին ու մարտական ընկերներին՝ սիրելի Նորայրի զոհվելու կապակցությամբ»,- ասաց Վարդան Գևորգյանը:
Ի դեպ, զոհված զինվորը Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի մեծ եղբոր թոռնիկն է: