
Եղիա Ներսիսյանի նկատմամբ արձանագրություն է կազմվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Կոմիտաս 5 հասցեում կատարվող շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման են ենթարկել ակտիվիստ Եղիա Ներսիսյանին:
168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ակտիվիստը բերման ենթարկվել: Արմեն Մալխասյանը նախ ասաց, որ Եղիա Ներսիսյանին բերման չեն ենթարկել՝ «իրականացվել է վարչական բերում»: Արմեն Մալխասյանի խոսքով՝ արձանագրություն է կազմվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով: Օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է. «Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով»:
Հարցին՝ արդյո՞ք Եղիա Ներսիսյանն այժմ գտնվում է ոստիկանության բաժնում, Արմեն Մալխասյանը պատասխանեց. «Արձանագրություն է կազմվել այդ հոդվածի համապատասխան, կազմելուց հետո կգնա»: