Ինչու ՄԻՊ-ը որևէ քայլ չի ձեռնարկում հայ ռազմագերու հարցով. Պարզաբանում են ՄԻՊ գրասենյակից
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցով հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ: Փոխնախարարը Դ.Տոնոյանը մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Հայկ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, և որ առնվազն տարակուսանք է հարուցում այն փաստը, որ իրավասու մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների հարցերով միջազգային ակտիվիստները և միջազգային հանրությունը մինչ օրս ոչ մի կերպ չեն արձագանքում ադրբեջանական ամենաթողությանը:
168.am-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Նաիրա Կարմիրշալյանից հետաքրքրվեց՝ ռազմագերու հետ կապված ի՞նչ միջոցառումներ է ՄԻՊ-ը ձեռնարկել: Ի պատասխան՝ Նաիրա Կարմիրշալյանն ասաց.
«Քանի որ ռազմագերիների հարցով հիմնականում Կարմիր խաչն է զբաղվում, այդ պատճառով մենք չուզեցինք որևիցե քայլ ձեռնարկել, որպեսզի իրեն ավելի վատ դրության մեջ չդնենք: Քանի որ իրենք բանակցությունները գաղտնի են վարում, ամեն դեպքում մենք մտածեցինք, որ որևէ քայլը կարող է ավելի շատ վնաս պատճառի, քան օգուտ տա: Այդ պատճառով աշխատեցինք հրապարակային հայտարարություններով հանդես չգալ՝ չնայած որևէ կերպ օգտակար լինելու ցանկությունը շատ մեծ էր, բայց՝ մտածելով, որ կարող է ավելի շատ վնասենք, ոչինչ չենք նախաձեռնում: Կարմիր խաչի հետ անընդհատ բանակցում ենք, իրենց հետ պարբերաբար կապի մեջ ենք, հետևում ենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»:
Մեր հարցին՝ արդյոք այս ընթացքում ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները հանդիպում ունեցե՞լ են կամ պատրաստվո՞ւմ են հանդիպել Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ, ՄԻՊ մամուլի քարտուղարը պատասխանեց. «Մենք, ճիշտն ասած, փորձեցինք կապվել, բայց քանի որ իրենք առանձնապես մեր օգնության կարիքն էլ չունեին, մենք առանձապես չենք էլ կարող, մեր բոլորի հույսը Կարմիր խաչն է, դրա համար կարիք չունեին օգնության»: