
Ռուսաստանը կարող է աշնանը դադարեցնել Ուկրաինային գազի մատակարարումը. փորձագետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի փորձագետ Վասիլի Յուրչիշինը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերություններում առևտրային պատերազմից հետո կարող է սկսվել գազային նոր պատերազմ:
Փորձագետը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է աշնանը կասեցնել Ուկրաինային գազի մատակարարումը. «Իրավիճակը չի ավարտվի առևտրային տարրերով: Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի կարծիքով մենք նրան դեռ պարտք ենք 7 միլիարդ դոլար գործող պայմանագրերով նախատեսված գազի ծավալը չգնելու համար:
Մոտ հեռանկարում մենք կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ նաև այդ ոլորտում: Ես կարծում եմ, որ արդեն հոկտեմբերի կեսին Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի վճարել պարտքը: Այդ պարտքը կախված է մեզ վրա, Ուկրաինան չի բողոքարկում այն, ինչպես որ արել են մյուս երկրները:
Եվ թեև Ուկրաինան վճարել է ընթացիկ տարում, պայմանագիրը ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Այս իրավիճակը բացասաբար է ազդում աշխարհում Ուկրաինայի իմիջի վրա, քանի որ երկիրը չի կարողանում ապահովել դեպի ԵՄ-ի երկրներ գազի անխափան մատակարարում: Այդ շղթան վնաս է հասցնում ԵՄ-ի երկրների հետ Ուկրաինայի շփումներին»: