Աղբահանության հարցը Գյումրիում կարգավորման ճանապարհին է
Գյումրեցիները հիշում են քաղաքի աղբահանության սոսկալի իրավիճակը: Բնականաբար, հնարավոր չէ ասել, որ ներկայումս աղբահանության խնդիրները քաղաքում, առավել ևս մարզում, միանշանակ լուծվել են, սակայն որոշակի փոփոխություններ, անկասկած, տեսնում ենք: Գյումրիում ավելացել է աղբատար մեքենաների թիվը, ինչպես նաև աղբամանների և աղբարկղերի թիվը: Վերջին շրջանի նորարարություններից է նաև աղբամանների շուրջբոլորը բետոնե պատնեշների կառուցումը: Վերջիններս հնարավորություն են տալիս աղբամանները տեղադրել առանձնացված փակ տարածքում այնպես, որ աղբը փողոց կամ մայթ չլցվի, և աղբատար մեքենաների համար նույնպես հեշտ լինի հավաքել աղբը:
Քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ քաղաքի կենտրոնում, արդեն կառուցվել են նման բետոնե պատնեշներ, ինչպես նաև տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված աղբամաններ: Համեմատելով ձմռան շրջանում քաղաքի աղբահանության վիճակի հետ` այսօր փոփոխություններն ակնառու են: Սակայն, այնուամենայնիվ, կենտրոնից դուրս, ծայրամասերի վիճակը դեռևս անբավարար է: Բնակիչներից էլ, բնականաբար, շատ բան է կախված. վերջիններս նույնպես անփութորեն են վերաբերվում` շատ դեպքերում աղբն ուղղակի փողոցում թողնելով:
Դրան ի պատասխան` վերջին շրջանում քաղաքում խոսվում էր, որ բետոնե պատնեշներով շրջապատված աղբամանների շուրջ տեղադրվելու են տեսանկարահանող սարքեր: Շատ քաղաքացիներ, սակայն, փողոցում մոտենալով մեզ` խնդրում էին անդրադառնալ տվյալ հարցին և լուսաբանել այն` հիմնականում նշելով. «Ուրիշ ոլորտում ծախսելու տեղ չկա ՞, հիմա էլ մնաց, որ աղբամանների շուրջբոլո ՞րը նկարահանեն: Դրա փոխարեն թող լիքը սոցիալական խնդիրների ուշադրություն դարձնեն»:
Քաղաքի լքված, չգործող գետնանցումները ևս հիմնականում ծառայում են որպես աղբանոցներ: Բացի այդ, քաղաքում դեռևս կան հետերկրաշարժյան փլուզված տարածքներ, որոնք ևս իրենց հերթին ծառայում են որպես աղբանոցներ (շինարարական աղբն էլ իր հերթին):
Գյուղական տարածքներում փոփոխություններ ևս նկատվում են: Մասնավորապես, Ախուրյան համայնքի բնակիչները նշում են, որ աղբատար մեքենան գյուղ գալիս է շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և շաբաթ օրերին:
Գյումրի