Բաժիններ՝

Այսօր երկրապահները կմեկնեն ուխտագնացության դեպի Արցախ

Ավանդույթի համաձայն, ԼՂՀ անկախության տոնին ընդառաջ՝ օգոստոսի 23-ին, երկապահները կազմակերպում են ուխտագնացություն դեպի Արցախ, որի նպատակն է հավերժացնել պատերազմի ժամանակ զոհված հերոսների հիշատակը, բարձրացնել ազատագրված տարածքի բնակչության ռազմահայրենասիրական ոգին, ամրացնել ազատագրված տարածքների և սահմանամերձ բնակչության` իրենց պապենական օջախներում ապրելու հավատը:

«Ուխտագնացությունը պարտք է ոչ միայն նահատակ հերոսների հիշատակի, այլ նաև ապրողների, ազատագրված երկիրը շենացողների, ազատագրման, անկախության ու այս վեհ գաղափարների համար նահատակված հերոսների պատիվը, փառքը պահողների հանդեպ: Որովհետև հողը չի ազատագրվում միայն պաշտպանելու համար, այլ այդ հողի վրա ապրելու, հողը հայրենիք դարձնելու համար: Կարևորը ոչ միայն ազատագրելն է, այլև ձեռք բերածը շենացնելով պահպանելն ու այն նոր սերնդին փոխանցելը»,- 168.am-ի հետ զրույցում ասացին ուխտագնացությանը պատրաստվող երկրապահները: Այս տարի էլ ուխտագնացությանը մասնակցում են արցախյան պատերազմի մասնակիցները, 5-րդ բրիգադի մարտիկները, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, մտավորականներ, ԱԺ պատգամավորներ, կրթության և մշակույթի գործիչներ, տարատեսակ երգ ու պարի, գուսանական, թատերական խմբեր ու համույթներ, երիտասարդ և պատանի երկրապահներ, զոհված ազատամարտիկների հարազատներ:

Երկրապահական ուխտագնացությունն ընդգրկուն աշխարհագրություն ունի: Այս տարի էլ այն կսկսվի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից, այնուհետև խումբը կայցելի Կուբաթլի, Արալեռ, Հադրութ, Էդիլլվա ձորակ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ, Մարտակերտ ու շրջակա գյուղեր: Ուխտագնացության ավարտը կտրվի Շուշի և Բերձոր քաղաքներում:

Երկրապահները հիշում են, որ Հադրութի Էդիլլվա ձորակի ինքնապաշտպանության առաջին օրերից Էջմիածնի կամավորները ոչ միայն զբաղվում էին տեղի բնակչության պաշտպանության խնդիրներով, այլև օգնում էին գյուղատնտեսական հարցերով, զբաղվում շինարարական գործերով, կրթօջախների վերականգնմամբ:

Կարդացեք նաև

«Երկրապահի առաքելությունն ու Արցախի ճակատագիրը նույնացվում են ազատագրված հողում, և ազատագրված հողը դառնում է հայրենիք»,- ասում են երկրապահներն ու կրկնում Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս