«Տևական անկում չի կարող լինել». Խոսրով Հարությունյանը:
Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպի նվազումը սեզոնայնության, արտաքին շուկաների և էներգակիրների թանկացման արդյունքն է: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը: Նրա կարծիքով, ըստ ճյուղերի դիտարկելիս, գյուղատնտեսության ոլորտում բավականին տպավորիչ աճ կա, փոխարենը անկում կա արդյունաբերության ոլորտում:
«Դեռ 2003-2004 թթ-ին ՀԲ-ում մի վերլուծություն կատարվեց, որում արձանագրվեց, որ ՀՀ տնտեսությանը բնորոշ է սեզոնայնությունը: Այսինքն՝ կան ճյուղեր, որոնք կախված տարվա սեզոնից, կարող են անկում ապրել և հակառակը»,- ասաց Խ. Հարությունյանը:
Ըստ նրա՝ բացի սեզոնայնությունից մեծ նշանակություն ունի արտաքին շուկաներում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ արտահանման այնպիսի հատվածի համար, ինչպիսին հանքահումքայինն է. «Շատ հնարավոր է գնային տարբերութունները կամ արտաքին շուակներում ձևավորվող գնային առաջարկները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև արտահանման, հետևաբար՝ արտադրության ծավալների վրա: Չի բացառված, որ էներգակիրների գների սակագների աճը կարող էր ազդեցություն թողնել թե´ էլեկտրականության, թե´ գազի սպառման ծավալների վրա և հիմնական սպառողների՝ արտադրողների մոտ գների աճի, հետևաբար և որոշակի չափով արտադրության ծավալների անկում լիներ»:
Խ.Հարությունյանը նկատեց, որ երկարաժամկետ ենթադրություններ կատարելու համար դեռ վաղ է, որովհետև նախորդ ժամանակշրջաններում ևս նման տատանումներ եղել են, իսկ տարեվերջին իրավիճակը փոխվել է: Նա նշեց, թե էներգակիրների սակագներին հարմարվելու համար տնտեսությանը որոշ ժամանակային լագ է պահանջում:
«Տևական անկում չի կարող լինել»,- վստահեցրեց Խ.Հարությունյանը:
Անդրադառնալով աշխատավարձի համեմատ գնաճի առաջանցիկ տեմպին՝ պատգամավորը արձանագրեց, որ սպառողական կարողությունների մասով կտրուկ վերելք չունենք, միաժամանակ նա համզվածություն հայտնեց, թե կառավարության նախաձեռնած քայլը նվազագույն աշխատավարձի հետ կապված առաջիկա 1-2 ամսում իրեն զգացնել կտա, իսկ 2014 թ. հունվարի 1-ից կառավարությունը նախատեսում է անցնել վարձատրության որակապես նոր համակարգի, որն «էապես զանգվածային ձևով կխթանի վճարունակ սպառումը»: