Բաժիններ՝

Քաղաքագետ` ակտիվիստների մասին. «Այստեղ ավելի խորքային իրողություններ են թաքնված»

Երևանի քաղաքապետարանի դիմաց 20 օրից ավելի տևող նստացույցը դեռևս շարունակվում է: Նստացույցի մասնակիցները չեն պատրաստվում հրաժարվել իրենց այն պահանջներից, որոնք ներկայացրել են Երևանի քաղաքապետարանին:

 

«Ուղեվարձի բարձրացման շուրջ տիրող հետաքրքիր մթնոլորտը նպաստեց ներկայիս իրավիճակին. այստեղ ավելի խորքային իրողություններ են թաքնված»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքով, նման քաղաքական աստառ պարունակող իրադարձությունները ղեկավարվում են նրանց կողմից, որոնց ձեռնտու է այս կամ այն շարժման զարգացումն ու խորացումը:

«Բնական է, որ ուղեվարձի բարձրացումը նախևառաջ կազդեր սոցիալապես ամենաանպաշտպան խավերի վրա, որի մեջ մտնում է նաև երիտասարդության  զգալի մասը, այսինքն՝ օգտագործելով  շատ բնական դժգոհությունը, սկսեց  զարգանալ նաև ներքևից սկսված այս շարժումը»,- ասում է քաղաքագետը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ ակտիվիստների ներկայիս պահանջը ևս  տեղին չէ: Ըստ նրա՝ այն պետք է ճիշտ հասցեագրված լինի.

«Ակտիվիստներին ուղղակի նշել են այն անձերի թիրախը, որոնցից կարող են պաշտոնանկություն պահանջել,- ասում է նա՝ հավելելով,- Այս ամենը դեռ ավարտը չէ, սպասենք շարունակական իրադարձություններին»:

Թեմային անդրադարձավ նաև «Բարև Երևան»-ի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ երիտասարդների մոտ նկատում է համառություն, իսկ ինչ վերաբերում է ուղեվարձի սակագնի գործընթացին, ապա այն անպայման պետք է վերանայվի:

Հիշեցնենք, որ ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից հետո մի խումբ ակտիվիստներ քաղաքապետարանի դիմաց  սկսեցին իրականացնել իրենց հաջորդ ակցիան, որն էլ վերածվեց անժամկետ նստացույցի: Երիտասարդ ակտիվիստները պահանջում են աշխատանքից հեռացնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս