
«9-րդ ալիքը» ստեղծվել է միայն բանտային կտտանքները հեռարձակելու համար. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կին Եկատերինա Խվեդելիձեին պատկանող «9-րդ ալիք» հեռուստաալիքը ստեղծվել է միայն նրա համար, որպեսզի անհրաժեշտ ժամանակ եթերով ցուցադրի երկրի բանտերում բանտարկյալների նկատմամբ իրականացված կտտանքների ապշեցուցիչ տեսանյութերը:
Սաակաշվիլին համապատասխան հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով «9-րդ ալիքի» հեռարձակումների դադարեցվելու մասին տեղեկատվությունը: Սաակաշվիլին ընդգծել է, որ թեև հեռուստատեսության փակվելը լավ չէ, սակայն «9-րդ ալիքը» հատուկ ստեղծվել էր նրա համար, որպեսզի եթեր հեռարձակի մեկ կոնկրետ ռեժիսորի՝ Վլադիմիր Բեդուկաձեի նկարահանած ֆիլմը:
Սաակաշվիլիի խոսքերով՝ 2012 թվականի հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների շեմին հրապարակված սկանդալային այդ տեսանյութերը «9-րդ ալիքի» սեփականատիրոջ ձեռքում են հայտնվել առնվազն 2011 թվականի ամռանը: