
Գենդերային անհավասարությունն աշխատաշուկայում՝ ըստ ԱՄԿ-ի

Հարավային Կովկասում հասարակությունների պահպանողականությունն ընտանիքում և դրանից դուրս ազդում է նաև աշխատաշուկայի վրա: Ըստ մասնագետների՝ հարավկովկասյան 3 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, աշխատանքի շուկաներում խնդիրները բազմաթիվ են, այդ թվում՝ գործազրկության բարձր մակարդակ և ցածր աշխատավարձ, որը հատկապես զգալի է գենդերային առումով: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատավարձերի և արդարացի աճի 2012/2013 զեկույցի համաձայն՝ վերջին մի քանի տարիների ընթացքում սեռերի աշխատավարձի միջև առկա խզումը տարածաշրջանում նվազել է, բայց այլ անհամաչափությունները դեռևս ակնհայտ են:
2012 թ-ի տվյալներով՝ Հայաստանում աշխատանք չունի կանանց 46%-ը, Վրաստանում՝ 40%-ը, Ադրբեջանում՝ 37%-ը: Հետաքրքրական է, որ տղամարդկանց առումով Հայաստանում գործազուրկները 25% են, Վրաստանում՝ 31%, Ադրբեջանում՝ 44%: Այսինքն՝ Ադրբեջանում ավելի շատ կանայք են աշխատում, քան տղամարդիկ:
Աշխատուժի շուկայում սեռերի հանդեպ խտրական վերաբերմունքն արտահայտվում է նաև վճարված աշխատավարձի չափով՝ նույն աշխատանքի համար կանայք ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ: ԱՄԿ-ի տվյալներով՝ Հարավային Կովկասում վարձատրության անհամաչափությունն ամենաբարձրն է աշխարհում: Ընդ որում՝ 52 երկրներից կազմված ցուցակում առաջին տեղում Ադրբեջանն է, երկրորդում՝ Հայաստանը, իսկ Վրաստանը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: