Հանրաքվեի ցանկացած ելք վատ է Հայաստանի համար, ՉՊԵ՛ՏՔ է թույլ տալ, որ հանրաքվե լինի. Աննա Գրիգորյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը «Եռաբլուր»-ում լրագողների հետ զրույցում ասաց, որ խաղաղության օրակարգ փաստացի չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական պահանջ։
«․․․Էս իշխանությունները գնում են այդ պահանջի բավարարելու ճանապարհով՝ էն հույսով, որ կարող է՝ էդ փուլում գա իրենց պատկերացրած խաղաղությունը, բայց ամեն հաջորդ անգամ մենք նոր պահանջի ականատես ենք լինում»,- նշեց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ հենց այդ պատճառով էլ ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերը միավորվել են և ունեն փոխըմբռնում հիմնական հարցի շուրջ՝ թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունումը ՀՀ-ում։
Գրիգորյանը նաև շեշտեց՝ որքան էլ ներկայում գործող Սահմանադրությունից դժգոհություններ լինեն, սակայն երկրի Մայր օրենքը չի կարող ընդունվել արտաքին որևէ ուժի պարտադրանքով։
Աննա Գրիգորյանը նշեց՝ ընդդիմադիր պատգամավորներն ամեն ինչ անելու են՝ թույլ չտալու Ալիևի պարտադրած Սահմանադրությունը հանրաքվեի ներկայացնելը, բայց և կարևոր են համարում խոսել ժողովրդի, իրենց մանդատ տված ընտրողների հետ՝ Փաշինյանի հայտարարած «ճնշումները» կանխելու և անհրաժեշտության դեպքում իրենց աջակցելու համար։

