Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հրավիրում Ազատության հրապարակ (տեսանյութ)
1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին հռչակագիր», որով դրվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Երեք օրից` Հայաստանի անկախության հռչակագրի հերթական տարեդարձին, «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի Ազատության հրապարակում հրավիրել է «հանրային ժողով` անկախության օրակարգով», որը կվարի կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչպես նշվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում, հանրային ժողովին հրավիրվում են «ազատ քաղաքացիները, ազատամարտիկները, պայքարող ազատատենչ երտասարդները, ժողովրդին նվիրված քաղաքական և քաղաքացիական գործիչները»:
Ո՞րն է այս հավաքի հրավիրման նպատակը: «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով այս մասին, նշեց, որ հանրային ժողովի հրավիրումը և´ առիթ է անկախության հռչակագրի տոնը նշելու, և´ միաժամանակ «Ժառանգությունը» սրանով կսկսի քաղաքական աշունը:
«Այո´, սա համընկավ մի այնպիսի ժամանակահատվածի հետ, երբ կարելի է հավասարապես խոսել Հայաստանի անկախության, նրա խնդիրների և օրակարգի մասին»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ առաջարկներ են հնչելու հանրային ժողովում, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ «հանրային ժողով» անվանումն արդեն խոսում է այն մասին, որ առաջարկ հնչեցնողը մեկը չի լինելու, և և բոլոր մասնակիցները պետք է ձևավորեն ժողովի օրակարգը:
Իսկ ի՞նչ կտա ընդհանրապես այս հավաքը հասարակությանը: Ի պատասխան այս հարցին` Ստեփան Սաֆարյանն ասաց, որ մարդիկ «անգամ խոսքի կարոտ են դարձել»:
Սակայն միաժամանակ նա համաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, որ «մարդիկ ավելի շատ գործի կարոտ են»:
«Այո´, իհարկե բոլորը կուզենան, որ խոսքից բացի լինի նաև գործ, միանշանակ, բայց մեր երկիրը հասել է այնպիսի վիճակի, որ մարդիկ երբեմն փնտրում են մեկին, ում հետ կկիսվեն իրենց մտորումներով, իրենց դարդուցավով և կասեն իրենց խոսքը…Կարծում եմ` այնտեղ կլինեն արժեքավոր առաջարկներ, և իհարկե հանրային ժողովը շատ ավելի մեծ արդյունավետություն կունենա, եթե դրա արդյունքում մշակվի նաև գործողությունների ու քայլերի ծրագիր»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Տեսանյութը` «Ժառանգություն» կուսակցության: