
Սաակաշվիլին խոստացել է համաներել դատվածություն ունեցող տասնյակ հազարավոր քաղաքացիների

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկել է համաներել տասնյակ հազարավոր համաքաղաքացիների. նրանց վրայից հանել դատվածությունն ու պայմանական ազատազրկումը:
Ցանկացողներին առաջարկել են հայտեր ներկայացնել նախագահական աշխատակազմին: Նախնական տվյալներով՝ նրանք պետք է գրանցվեն հեռախոսազրույցի միջոցով, որի ժամանակ էլ նրանց կհայտնեն, թե կոնկրետ երբ կընդունվի հայտը:
Սաակաշվիլին խոստացել է, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտն այդ բոլոր մարդկանց հանդեպ կընդունվի համաներման մասին համապատասխան ակտը: Այսօր արդեն հերթեր են գոյացել նախագահի աշխատակազմի շենքի մոտ, բազմաթիվ մարդիկ ցանկանում են ձերբազատվել դատվածությունից:
Նախագահի առաջարկը, սակայն, չի վերաբերում ծանր հանցագործությունների (մասնավորապես, միտումնավոր սպանությունների ու մանկապղծության դեպքերի, ինչպես նաև պետության դեմ գործած հանցանքների) համար դատվածություն ունեցողներին:
Սաակաշվիլին ընդգծել է, որ մնացյալ բոլոր տիպի հանցագործություններ գործած մարդկանց, որոնք այսօր իսկապես գտնվում են ազատության մեջ, իրենք պարզապես հնարավորություն են ընձեռում մոռանալ այդ ամենը և սկսել նոր կյանք: