Իջևան համայնքի երբեմնի 14 ավագանիներից մնացել են 6-ը
Տավուշի մարզի Իջևան համայնքում ավագանու նիստերը նորմալ են ընթանում և այլևս խնդիրներ չկան: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Իջևանի փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը` նշելով, որ 14 ավագանիներից այժմ մնացել են 6-ը: Ավագանու մյուս անդամների լիազորությունները կասեցվել են նիստերի կեսից ավելիին չմասնակցելու համար:
Հիշեցնենք, որ ներկայիս քաղաքապետի` համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ավագանու մի շարք անդամներ, որոնք մեծ մասամբ նախորդ քաղաքապետի մտերիմներն էին, սկսեցին բոյկոտել նիստերը, չմասնակցել նիստերին, ինչի արդյունքում՝ քվորում չլինելու պատճառով նիստերը չէին կայանում:
«Այժմ արդեն երկար ժամանակ է, ինչ ամեն ինչ հանդարտվել է և ավագանու նիստերը կայանում են ժամանակացույցին համապատասխան, բնականոն հունով և ավագանու անդամները ծառայում են համանքին, ոչ թե սեփական շահին»,- վստահեցրեց փոխքաղաքապետը: