
Եգիպտոսում զինվորականները սխալմամբ լրագրող են սպանել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի անվտանգության ուժերի աշխատակիցները երկրի հյուսիսում գտնվող Դամանհուր քաղաքի անցակետում պատահաբար սպանել են եգիպտական Al-Ahram թերթի լրագրողներից մեկին:
Գործակալության տվյալներով՝ զինվորականները կրակ են բացել Բուհեյր նահանգում Al-Ahram թերթի ներկայացուցչության ղեկավար Թամիր Աբդելռաուֆի ավտոմեքենայի վրա, որում գտնվել է նաև մեկ այլ պարբերական ներկայացնող լրագրող:
Կրակելու համար առիթ է ծառայել այն հանգամանքը, որ մեքենան կտրուկ շրջադարձ է կատարել անցակետի մոտ: Միջադեպի հետևանքով Աբդելռաուֆը սպանվել է, իսկ նրա ուղևորը՝ վիրավորվել: Եգիպտոսի անվտանգության ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ լրագրողների նկատմամբ սխալմամբ է կրակահերթ արձակվել:
Նշվում է, որ Կահիրեում իսլամականների բողոքի ակցիան ցրելուց հետո Եգիպտոսի կառավարության հրահանգով օգոստոսի 14-ին սահմանափակումներ են մտցվել ժամը 19.00-07.00-ին տեղաշարժեր կատարելու վրա: