
Մեղադրող կողմը պահանջել է Բրեդլի Մենինգին ազատազրկել 60 տարով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգում մեղադրող կողմը WikiLeaks-ի տեղեկատու Բրեդլի Մենինգի դատավարության ժամանակ պահանջել է նրան դատապարտել 60 տարվա ազատազրկման:
Դատավարությունը մոտենում է իր ավարտին: Մեղադրող և պաշտպանող կողմերը ներկայացնում են իրենց վերջին փաստարկները: Դրանից հետո դատավարությունը նախագահող դատավոր Դենիզ Լինդը կխորհի, թե ինչ վճիռ կայացնել 25-ամյա Մենինգի գործով: Չի բացառվում, որ վճիռը կայացվի արդեն այսօր:
Միևնույն ժամանակ Մենինգի փաստաբան Դևիդ Քումբսն իր ամփոփիչ խոսքում հույս է հայտնել, որ ԱՄՆ կառավարության մոտ 700.000 գաղտնի փաստաթղթերը WikiLeaks-ին տրամադրած Մենինգը չի դատապարտվի 25 տարուց ավելի ժամկետով: Ավելի վաղ նշվում էր, թե Մենինգին սպառնում է 136 տարվա ազատազրկում: