
Ադրբեջանական ընդդիմությունը չի կարողացել ընտրել պահեստային միասնական թեկնածու

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) երեկվա նիստում բազմաթիվ բանավեճերից հետո որոշել է մինչև վերջ աջակցել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությանը:
Սակայն հաշվի առնելով Իբրահիմբեկովի թեկնածության գրանցման անհնարինությունը՝ կապված Ռուսաստանի քաղաքացիությունից ձերբազատվելու դժվարությունների հետ, երեկվա նիստում քննարկվել են նաև պահեստային տարբերակներ:
Տարբերակներից մեկը եղել է հավելյալ միասնական թեկնածուի առաջադրումը: Երկրորդ տարբերակը նախատեսում էր ԺՈՒԱԽ-ի մեջ մտնող քաղաքական կուսակցություններից թեկնածուների առաջադրում և վերջնական փուլում աջակցել նրանցից մեկին: Արդյունքում առաջին տարբերակին աջակցել է ԺՈՒԱԽ-ի 43 անդամ, իսկ երկրորդ տարբերակին՝ 42 մարդ:
ԺՈՒԱԽ-ի ապարատի ղեկավար Էլդար Նամազովը հայտարարել է, որ առաջիկա օրերին խորհրդակցություններից հետո կհստակեցվի միասնական թեկնածուի հարցը, որը կպարտավորվի հանել սեփական թեկնածությունը, եթե գրանցվի Իբրահիմբեկովի թեկնածությունը:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին, սակայն գրանցման համար թեկնածուների փաստաթղթերի ու հավաքած ստորագրությունների ներկայացման ժամկետը լրանում է սեպտեմբերի 9-ին:
Այսինքն, ԺՈՒԱԽ-ի տրամադրության տակ է մնում ընդամենը 20 օր, և դեռ պարզ չէ, թե ով կառաջադրվի որպես հավելյալ թեկնածու: Թեկնածուի առաջադրումից հետո ԿԸՀ-ում նրա հաստատումը կարող է դիտարկվել 5 օրվա ընթացքում: