
ՌԴ Պետդումայի օրակարգում է հայտնվել ներգաղթյալների համար աշխատանքի տեղավորվելը բարդացնող օրինագիծը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը Պետդումայի օրակարգում է ներառել մի օրինագիծ, որը նախատեսում է վերացնել առանց վիզա Ռուսաստան ժամանած օտարազգիների աշխատանքի տեղավորվելու դյուրացված կարգը:
Համապատասխան ուղղումը նախատեսվում է մտցնել «ՌԴ-ում օտար քաղաքացիների իրավական դրության մասին» օրենքում: Օրինագծին կից բացատրական փաստաթղթերում նշված է, որ օրինագծի ընդունմամբ մերձակա երկրների օտար քաղաքացիներն ընդհանուր հիմունքներով ստանալու են աշխատանքային վիզաներ, որպեսզի հնարավորություն ունենան աշխատանքային գործունեություն ծավալել Ռուսաստանի տարածքում:
Բացառություն է արվում միայն Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների համար, քանի որ այդ երկրները հանդիսանում են Մաքսային միության անդամներ: Կոմունիստներն ընդգծել են, որ օրինագծի դրույթներն առնչվելու են նաև ՌԴ-ի տարածքում ժամանակավորապես բնակվող օտար քաղաքացիներին:
Կոմունիստների կարծիքով՝ մերձակա երկրներից առանց վիզա Ռուսաստան գալու և աշխատանքի տեղավորվելու կարգը չափազանց դյուրացված է և վնասում է Ռուսաստանի քաղաքացիների շահերին, մինչդեռ առաջարկվող ուղղումները կնպաստեն ՌԴ-ի քաղաքացիների աշխատանքի տեղավորվելու իրավունքի արդյունավետ պաշտպանությանը, ներգաղթյալների իրավունքների պահպանմանը, ինչպես նաև Մաքսային միության, Միասնական տնտեսական տիրույթի ու Եվրասիական տնտեսական ընկերակցության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) մերձեցմանը:
Ընդ որում, ընդգծվում է, որ առաջարկվող ուղղումները չեն ազդի բարձր որակավորում ունեցող օտարազգի մասնագետների դրության վրա: