Գյումրիում սկսել են աշխատանքներ տարվել կալանավորների ընտանիքների հետ
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն իր հիմնադրման պահից` 2005 թվականից ի վեր նպատակ է դրել բարելավել քաղաքի և մարզի բնակչության սոցիալական, տնտեսական և մշակութային պայմանները: Կառույցի որդեգրած ուղղություններն ու իրականացվող աշխատանքն անգնահատելի օգուտ են տալիս մարզին և հատկապես Գյումրի քաղաքին, քանզի օրեցօր ահագնացող խնդիրները պահանջում են շուտափույթ լուծումներ: Կենտրոնն իր ուժերի ներածին չափով փորձում է իր ներդրումն ունենալ մարզի մի շարք խնդիրների լուծման հարցում: Կառույցի հիմնական ուղղությունների, ապագա պլանների և համագործակցության մասին զրուցեցինք Շիրակի թեմի Սոցիալ- կրթական կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանի հետ:
– Ի ՞ նչ դեր ունի Շիրակի Թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը քաղաքի խնդիրների լուծման հարցում:
– Ընդհանուր առմամբ` այս կենտրոնը ստեղծվել է որպես եկեղեցական սոցիալական աշխատանքների իրականացման կենտրոն և նպատակն է՝ աջակցել մարդուն դժվարին իրավիճակներում: Եվ կարող է այդ իրավիճակը լինել ոչ միայն սոցիալական, այլև կարող են լինել կրթական, հոգևոր խնդիրներ ունեցող մարդիկ և հիմնական առաքելությունն է օգնել մարդուն, օգնել նրան՝ բարձրացնել ինքնագնահատականը, զարգացնել, սովորեցնել մարդուն ապրել ավելի խաղաղ, ավելի երջանիկ, ավելի լայն տեսլականով, քան այսօրվա խնդիրներն են: Որպեսզի հասնենք այդ նպատակներին, մենք փորձում ենք մի շարք ծրագրեր իրականացնել: Ծրագրերը շատ զանազան են իրենց բովանդակությամբ, մենք և ՛ արտադպրոցական կրթություն ենք իրականացնում, և ՛ մշակութային կրթություն, վերջերս նաև` մեծահասակների կրթության ոլորտում բավականին հաջողություններ ունենք, ունենք նաև արհեստագործական ուսուցում: Մարդիկ, ավարտելով մեր դասընթացները, աշխատանք են գտել թե՛ մեզ մոտ, թե՛ Կենտրոնից դուրս, իրականացրել ենք գործավարության ուսուցում, հաշվապահական ուսուցում և բավականին լավ արդյունքներ ունենք քաղաքում գործազրկության մակարդակի նվազեցման առումով: Մշակութային կրթությունն էլ հիմնականում ուղղված է ազգային մշակութային ավանդույթների պահպանմանն ու փոխանցմանը:
Այս պահին հիմնական, բազային երկու ուսուցումներն են պարը և կերպարվեստը: Երկու ուղղություններն էլ նվիրյալ ուսուցիչներ ունեն և շատ մեծ քանակությամբ երեխաներ են ընդգրկված այդ երկու ստուդիաներում: Պարի սաների թիվը 130-ից ավելի է: Կերպարվեստի ստուդիայի միջոցով փորձում ենք մանրանկարչության ավանդույթները պահպանել, զարգացնել ու տարածել երեխաների շրջանում: Հիմնական ձեռքբերումներից է նաև այն, որ գրեթե ամիսը մեկ անգամ մեր կենտրոնի «Հայկական զարդանախշեր» պարի համույթը ելույթներով հանդես է գալիս գյուղական համայնքներում:
Շիրակի մարզի ներկայիս դժվար իրականության մեջ փորձում ենք լուսավոր տեղ ստեղծել, որտեղ մարդիկ` երեխաները, երիտասարդներն ու տարեցները կկարողանան զարգացնել իրենց կարողություններն ու հմտությունները: Կենտրոնի հաջորդ հիմնական ուղղություններից է սոցիալ-գենդերային գործունեությունը, որն իր մեջ հիմնականում ներառում է սոցիալական խորհրդատվությունները, հնարավորության դեպքում նաև որոշակի աջակցությունները կարիքավոր ընտանիքներին: Աշխատում ենք սոցիալական տարբեր խնդիրների հետ: Ներկա պահին շահառուների թիվը բավականին մեծ է, ունենք 3000-ից ավել շահառուների բազա, դա նշանակում է` 3000 ընտանիքի հետ մենք խոսել ենք, վեր ենք հանել նրանց խնդիրները:
– Ի ՞ նչ նոր ուղղություններ է կենտրոնը:
– Այս տարի որպես նոր ուղղություն սկսել ենք աշխատել կալանավորների ընտանիքների հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այս ոլորտում ունի հոգևոր պատասխանատու՝ Ռուբեն աբեղա Զարգարյանը, ով աշխատում է բանտարկյալների հետ քրեակատարողական հիմնարկներում: Համագործակցությամբ որոշեցինք աշխատել կալանավորների ընտանիքների հետ: Բավականին դժվար դաշտ է, բայցև անհրաժեշտ է այդ ոլորտում աշխատանք տանել: Շատ-շատ խնդիրներ կան այդ ոլորտում, բացի տնտեսականից, նաև՝ սոցիալական, հոգեբանական: Պահանջված է այդ ոլորտում աշխատանքը:
Ունենք տարեցների գործող ակումբ, որի միջոցով փորձում ենք տարեցների մեկուսացված, լքված լինելու զգացումը նվազեցնել, որպեսզի իրենք էլ շարունակեն զգալ իրենց հասարակության լիիրավ անդամ:
Ասեմ, որ այստեղ էլ բավականին հաջողություններ ունենք: Կենտրոնը քայլ առ քայլ միջնորդի դերից դուրս է գալիս և տարեցներն իրենց ակումբում արդեն իսկ շատ ինքնուրույն են դարձել որոշումներ կայացնելու, կազմակերպչական նախաձեռնողական և այլ աշխատանքների շրջանակներում: Ակումբում ունենք 85 – ամյա բժիշկ, ով կարող է տարեցներին այցելել, որոշակի բժշկական խորհրդատվություն իրականացնել, օգնություն ցույց տալ: Մարդիկ աշխուժանում են և դա մենք ամենաշատն ենք կարևորում: Երիտասարդական ուղղությունն էլ իր հերթին կա, գործում է: Դե, որտեղ երիտասարդություն՝ այնտեղ կյանք: Այդ սկզբունքով առաջնորդվելով՝ ուզում ենք, որ մեր երիտասարդությունը լինի ավելի կրթված, ավելի նախաձեռնող, ավելի համեստ, քրիստոնեաբարո: Ողջ մեր աշխատանքն այդ ուղղությամբ ենք տանում` կրթելով ու դաստիարակելով հայ մարդուն հայ քրիստոնյային հարիր վարվելակերպով:
Ցավոք, Գյումրիում ներկայումս կան 15-20 ընտանիքներ, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաները ծնողազուրկ են: Հիմա սկսել ենք աշխատել նաև այդ երեխաների հետ «Հեքիաթ» նախակրթարանի շրջանակներում, որտեղ բոլոր աշխատողները կամավորներ են, լինի՝ սոցիալական աշխատող, հոգեբան, թե մանկավարժ:
– Իսկ մարզկենտրոնից դուրս աշխատանքներ տարվո ՞ւ մ են:
– Ստորաբաժանումներ ունենք, բայց մասնաճյուղեր` ոչ: Առանձին ծրագրերի տեսքով աշխատում ենք: Հիմա Վահրամաբերդում գործում է մեր կերպարվեստի ստուդիան, Ամասիայի պարի դպրոցում մեր պարուսույցն է աշխատում և մեր կենտրոնի ողջ միտքն ու փիլիսոփայությունն այնտեղ դասավանդվում է: Քահանաներ կան, որոնց հետ համագործակցում ենք: Համագործակցություն կա, աշխատանքներ տարվում են: Սրբազան Հոր պատարագներից հետո, ամիսը մի քանի անգամ մեր պարի համույթն է ելույթներ ունենում: Երբ լինում են վերապատրաստման ծրագրեր՝ աշխատում ենք մոտակա գյուղերի բնակիչներին ևս ընդգրկել:
– Այլ կազմակերպությունների, կառուցների և մասնավորապես՝ Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցություն կա ՞:
– Սոցիալ-կրթական կենտրոնի ընկերների, գործընկերների և համախոհների թիվը շատ մեծ է: Մարդիկ գնահատում են կենտրոնի գործունեությունը, արժևորում են կառույցի կարևորությունը մեր քաղաքի համար: Ներգրավված ենք միջազգային մի շարք ծրագրերում: Մենք բաց ենք և սիրով ընդունում ենք բոլորին: Քաղաքապետարանի հետ մինչ վերջերս որևէ հատուկ ծրագրային համագործակցություն չի եղել: Հարաբերությունները երկու կառույցների միջև բարիդրացիական են, սակայն, այնուամենայնիվ, մեր տեղական ինքնակառավարման մարմիններն այնքան էլ պատրաստ չեն աշխատել հասարակական կազմակերպությունների կամ եկեղեցապատկան կառույցների հետ: Քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի մշակույթը մեր պետական մարմինների մոտ դեռևս զարգացած չէ: Անշուշտ, ցանկալի է, որ ուշադրություն դարձվի այդ խնդրին, մեխանիզմներ մշակվեն և լուծումներ տրվեն, քանի որ ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ ՏԻՄ-երը ֆինանսավորում, օժանդակում են նմանատիպ կառուցներին, իրենք են նաև մասնակցում ծրագրերի մշակմանը, ռազմավարական ուղղությունների ընտրությանը` ելնելով համայնքի և քաղաքի շահերից:
Գյումրի