
Էրդողանը Եգիպտոսի պաշտպանության նախարարին համեմատել է Սիրիայի նախագահի հետ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Եգիպտոսի ժամանակավոր իշխանություններին մեղադրել է «պետական ահաբեկչության» մեջ և եգիպտական բանակի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին համեմատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ.
«Նրանք այրել, ավերել են մեր մզկիթները Եգիպտոսում ու Սիրիայում: Որևէ տարբերություն չկա Բաշարի ու Սիսիի միջև: Ճնշողներին փրկություն չկա»:
Էրդողանը եգիպտական ղեկավարությանը քննադատել է նաև նրա համար, որ վերջինս գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցներին անվանել է ահաբեկիչներ.
«Մարդիկ ասում են. «Մենք պահանջում ենք հարգել մեր ընտրությունը»: Սակայն կան նաև այնպիսինները, որոնք նրանց անվանում են ահաբեկիչներ: Ներկայումս Եգիպտոսում իրականացվում է պետական ահաբեկչություն: Եգիպտոսում կա երկու ուղի. գնալ փարավոնի կամ էլ Մովսեսի հետևից»:
Էրդողանը դատապարտել է նաև կրոնական օբյեկտների, այդ թվում նաև եկեղեցիների վրա կատարված հարձակումները՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, թե «Մուսուլման-եղբայրներ» շարժման կողմնակիցները գլխավորապես նման վայրերը «պաշտպանել» են վանդալիզմից: