Բաժիններ՝

Ամեն ինչ վիտամին Р-ի մասին

Վիտամին Р հզոր հակաօքսիդանտ է, որը կանոնավորում է արյունատար անոթների առաձգականությունն ու թափանցելիությունը:

Մեր օրգանիզմի համար գոյություն ունեն բավականին շատ անհրաժեշտ նյութեր, որոնք մենք ստանում ենք սննդից: Նրանց մեջ լայնածավալ խումբ են կազմում քիմիական նյութերը, որոնք կոչվում են ֆլավոնոիդներ: Շուրջ 150 ֆլավոնոիդներ միավորվում են վիտամին Р-ի անվան մեջ: Այս խմբի նյութերը չեն արտադրվում մարդու օրգանիզմում, բայց կենսականորեն անհրաժեշտ են օրգանիզմի կանոնավոր աշխատանքի համար: Ֆլավոնոիդները լինում են ինչպես ճարպային, այնպես էլ` լուծվող, սակայն  վիտամին Р-ին վերաբերող ֆլավոնոիդները լուծվում են ջրում: Վիտամին Р-ն ներծծվում է բարակ աղիքում ջրի առկայությամբ:

Վիտամին Рի կարևորությունը

Վիտամին Р-ն կարևոր դեր է կատարում անոթների կանոնավոր վիճակի պահպանման համար: Այն մասնակցում է կոլլագենի գոյացմանը, կարգավորում է մազանոթների խորաթափանցելիությունը և առաձգականությունը, ինչպես նաև՝ խոչընդոտում է արյունատար անոթներում խցանումների առաջացմանը: Բացի այդ՝ վիտամին Р-ն ցուցաբերում է հակաբորբոքային և հակաուռուցքային ներգործություն, խոչընդոտում է ալերգիայի առաջացմանը. այն նույնիսկ թեթև անզգայացնող ազդեցություն ունի: Այս վիտամինն անոթները լայնացնելու հատկություն ունի, հետևաբար՝ այն օգնում է նաև ճնշման կարգավորմանը:

Կարդացեք նաև

«Վիտամին Р խմբի մեջ ընդգրկվող որոշ ֆլավոնոիդներ ունեն նաև դյուրաբորբոքային ներգործություն. կարող են դրսևորել հակաուռուցքային ազդեցություն, խոչընդոտել խոցի առաջացմանը և նույնիսկ ունեն հակաճառագայթման հատկություններ` պաշտպանում են օրգանիզմն անբարենպաստ  ճառագայթման ազդեցությունից:

Շատ կարևոր է նաև այն փաստը, որ Р վիտամինն ունի հակաօքսիդանտ հատկություններ, այսինքն՝ խոչընդոտում է օրգանիզմում օքսիդացման գործընթացների անչափ մեծ ակտիվացմանը:

Որոշ տվյալների համաձայն՝ վիտամինը Р-ն նաև դրականորեն է ազդում մակերիկամների աշխատանքի վրա և կարգավորում է վահանաձև գեղձի գործունեությունը:

Փոխներգործությունը այլ վիտամինների հետ

Որոշ կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին՝ հաճախ փոխներգործելով մեզ համար կարևոր այլ նյութերի հետ, ուժեղացնում են նրանց գործունեությունը: Բացառություն չի կազմում նաև վիտամին Р-ն:

Այս վիտամինի բացակայությունը մեզ համար կարևոր С վիտամինի նորմալ «աշխատանքը  դարձնում է անհնարին: Նման հատկության պատճառով  Р վիտամինը երբեմն նույնիսկ անվանում են վիտամին С2: Իր հերթին՝ Р վիտամինը՝ իր օգտակար հատկություններով հանդես գալու համար, անհրաժեշտ է վիտամին С-ի առկայությունը:

Վիտամին Рի պակասի նախանշանները

Օրգանիզմում Վիտամին Р-ի պակասը առաջ է բերում մի շարք խնդիրների, որոնցից են՝

  • թուլություն, հոգնածություն
  • ուսերի շրջանում ցավ, քայլելու ընթացքում ոտքերի շրջանում ցավ
  • մազաթափություն
  • մաշկային խնդիրներ, բշտիկների առաջ գալը
  • մազանոթների փխրունություն
  • լնդերի արյունահոսություն
  • թութքային դիաթեզ
  • մարմնի տարբեր մասերում արյունազեղումներ:

Մազանոթների փխրունությունը, որոնք առաջանում են վիտամին Р-ի քրոնիկական պակասից, հանգեցնում են մարմնի տարբեր մասերում արյունազեղումների առաջացմանը: Ամենից հաճախ դրանք  դիտվում են մաշկի վրա, լորձաթաղանթում, ճարպի ենթամաշկային հյուսվածքներում: Աննշան արյունազեղում կարող է առաջ բերել ֆիզիկական ներգործությունը: Այլ կերպ ասած, մարմնին ուժեղ հպումը կարող է պատճառ դառնալ աննշան կարմրավուն բծիկի առաջացմանը: Այդպիսի չնչին արյունազեղումները կոչվում են պետեխիամներ:

Հիպերվիտամինոզ հնարավո ՞ ր է

Վիտամին Р-ի ավելցուկը հեռացվում է օրգանիզմից բնական եղանակով, այդ իսկ պատճառով հիպերվիտամինոզը անհնար է:

Վիտամին Р պարունակող մթերքներ

Վիտամին Р-ի սկզբնաղբյուր են հանդիսանում   բույսերը: Վիտամին Р-ով հարուստ են ցիտրուսները: Ցիտրուսային մրգերում այս վիտամինը պարունակվում է սպիտակ հյուսվածքներում, որոնք տեղակայված են կեղևի և պճեղի միջև:

Վիտամին Р շատ կա խնձորի, ծիրանի, խաղողի, սալորի, ազնվամորու, հաղարջենու, մասուրի, մոշու և այլ մրգերի ու հատապտուղների մեջ:

Р վիտամին պարունակում են նաև բանջարեղենները` կաղամբը, լոլիկը, պղպեղը և մի շարք  կանաչիներ՝ սամիթը, մաղադանոսը, համեմը, հազարի թերթիկները, թրթնջուկը: Մեծ քանակությամբ վիտամին Р կա նաև հնդկաձավարում: Р վիտամինի մյուս աղբյուրներից են` թեյը, սուրճը, գինին և գարեջուրը: Վիտամինը քայքայվում է բարձր ջերմաստիճանի ներգործության ժամանակ, այդ իսկ պատճառով, որպեսզի լրացնեք նրա պարունակությունը օրգանիզմում, ավելի լավ է օգտագործել մթերքները` չենթարկելով նրանց ջերմամշակման: Սառեցված մրգերում և հատապտուղներում վիտամին Р-ի պարունակությունը ևս պակասում է:

Ամենից հաճախ մեզ համար անհրաժեշտ այս վիտամինի պակասը մենք զգում ենք ձմռան և գարնան ամիսներին: Այս ժամանակ մեր սննդակարգում քիչ են թարմ բանջարեղեններն ու մրգերը: Տարվա այս եղանակներին ավիտամինոզի (վիտամինների պակասության հիվանդություն) առաջացման վտանգ կա և խորհուրդ է տրվում բոլորին ուշադրություն դարձնել սննդակարգին և փորձել օրգանիզմը ապահովվել վիտամին Р-ով:

Վիտամինները սննդարար նյութեր են, առանց որոնց մենք չենք կարող ունենալ ամուր առողջություն: Համեղ և օգտակար սնվելը բոլորովին էլ դժվար չէ. կարևորը՝ պետք է չմոռանալ, թե ինչ սննդանյութեր են պետք մեր օրգանիզմին, և դրանք օգտագործենք անհրաժեշտ քանակությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս