
Ադրբեջանում գրանցվել է համացանցում վիրավորանքի ու զրպարտանքի քրեականացման առաջին զոհը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աստարայի շրջանային դատարանը տվյալ շրջանի բնակիչ Միքայիլ Թալիբովին դատապարտել է 1 տարվա ուղղիչ աշխատանքների՝ աշխատավարձի 20 տոկոսի պահմամբ: Դրա համար պատճառ են հանդիսացել Թալիբովի կողմից սոցցանցերում կատարած քննադատական գրառումները:
Նա, մասնավորապես, քննադատել էր Access Bank-ին, ուր և աշխատում էր: Թալիբովը կարծում է, որ իրեն ապօրինի ձևով են հեռացրել աշխատանքից, ինչի համար էլ Facebook սոցցանցում ստեղծել էր Accessbank-Haqsızbank (Accessbank-Անարդար բանկ) անվանմամբ էջ:
Դրանից հետո բանկը դիմել էր դատարան, որն էլ գտել էր, որ զրպարտանք են հանդիսանում Թալիբովի արած գրառումները՝ «Accessbank-Անարդար բանկ», «Ադրբեջանում վաստակած գումարներն ընդդեմ Ադրբեջանի», «Accessbank-ն ընդլայնում է քաղաքական ճնշումն Ադրբեջանում՝ հարուցելով բնակչության դժգոհությունը», «Բանկում 50.000 մանաթ վարկ տալու համար վերցնում են 5000 մանաթի (1 մանաթը հավասար է մոտ 1 եվրոյի) կաշառք»:
Դատարանը Թալիբովին ստիպել է հերքում տեղադրել Facebook սոցցանցում: Այդպիսով, Աստարայի շրջանային դատարանի տվյալ վճիռը դարձավ ոչ վաղ անցյալում ընդունված օրենսդրական ուղղումների առաջին գործնական կիրառումը, որոնցով քրեականացվում էր համացանցում վիրավորելն ու զրպարտանք տարածելը: