«Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում խնդիրները շատ-շատ են». Գյուղապետ
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում խնդիրները շատ են, այնքան շատ, որ նույնիսկ գյուղապետը երկար ժամանակ չէր կողմնորոշվում՝ ինչից սկսեր ներկայացնել: 611 բնակիչ ունեցող Գեղարոտում հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Կաթնամթերքի իրացման հետ կապված խնդիրներ չկան, կաթը հանձնվում է միանգամից կաթ մթերող երկու ընկերությունների: Գեղարոտի դպրոցը նախորդ ուսումնական տարում ունեցել է 63 աշակերտ: «Գյուղամիջյան ճանապարհները համայնքի միջոցներով փոքր-ինչ բարելավվել են, լուրջ խնդիրներ կան հատկապես խմելու ջրի հետ կապված»,- ասում է Գեղարոտ համայնքի ղեկավար Բարատ Բայրախտարյանը, և ավելացնում՝ «Խմելու ջրի հարցը լուրջ է, ներքին ցանցը հին է, պետք է փոխվի»:
Գյուղում չկա հանդիսությունների սրահ, որտեղ գյուղացիները կարող են կազմակերպել իրենց թե ուրախության, և թե սգո արարողությունները: Գեղարոտը չունի նաև մշակույթի տուն ու մանկապարտեզ, մինչդեռ մանկապարտեզի տարիքի շուրջ 30 և ավել երեխաներ կան գյուղում:
Գյուղապետի փոխանմամբ՝ գյուղի մի մասն է միայն գազիֆիկացված, պատճառն ըստ նրա` բնակչության ֆինանսական հնարավորությունների բացակայությունն է:
Լուսանկարը` հեղինակի