Բաժիններ՝

8-րդ անգամ Զիմբաբվեի նախագահ դարձած Ռոբերտ Մուգաբեն իր մրցակիցներին խորհուրդ է տվել գնալ և կախվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ով հաղթանակ է տարել հուլիսի 31-ին անցկացված ընտրություններում, իր մրցակիցներին խորհուրդ է տվել գնալ և կախվել:

Նախագահը նման հայտարարություն է արել 1970-ական թվականներին երկրի անկախության համար զոհվածների հիշատակը հարգելու կապակցությամբ կազմակերպված հանրահավաքի ժամանակ.

«Նրանք, ովքեր վիրավորվել են իմ հաղթանակից, կարող են գնալ և ինքնասպանություն գործել, եթե ցանկանում են: Եթե նրանք մահանան, ապա անգամ շները չեն ուտի նրանց մարմինը»:

Նշվում է, որ սա եղել է նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Մուգաբեի առաջին հրապարակավ ելույթը: Մամուլի տվյալներով՝ խոսելով իր ընդդիմադիրների մասին, նա առաջին հերթին նկատի է ունեցել նախագահական ընտրություններում իր մերձակա մրցակից, երկրի վարչապետ Մորգան Տսվանգիրաիին:

Վերջինս դատական հայց է ներկայացրել երկրի սահմանադրական դատարան՝ պահանջելով ստուգել քվեարկության արդյունքները: Հուլիսի 31-ի ընտրություններում 89-ամյա Ռոբերտ Մուգաբեն, պաշտոնական տվյալների համաձայն, հավաքել է քվեների 61 տոկոսը, իսկ Մորգան Տսվանգիրաին՝ 34 տոկոսը: Անկախ դիտորդները հայտարարել են ընտրություններում մասշտաբային կեղծումների մասին:

Ռոբերտ Մուգաբեն 8-րդ անգամ է դառնում Զիմբաբվեի նախագահ: Նա Զիմբաբվեն ղեկավարում է արդեն 33 տարի: Նրա կառավարման ժամանակ երկիրը վերապրել է տնտեսական ծանրագույն ճգնաժամ, ուժեղ ինֆլյացիա և սով:

Բացի այդ, Զիմբաբվեի իշխանությունները քանիցս մեղադրվել են մարդու իրավունքները խախտելու, զանգվածային սպանություններ գործելու և ռասյական խտրականություն կիրառելու մեջ: Այդ ամենի պատճառով ԵՄ-ը 2002 թվականին տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Զիմբաբվեի հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս